02/09/2014 16:30
Քաղաքագետ. Կալիֆորնիայի կողմից Արցախի ճանաչումը չունի իրավական ուժ
Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չունի իրավական նշանակություն, քանի որ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ նահանգների իրավասության մեջ չի մտնում այս կամ այն պետությունների ճանաչումը:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այստեղ, իհարկե, կա նման որոշման հոգեբանական կարևոր նշանակությունը: Սա ցուցադրում է Կալիֆորնիայի հայության ու տեղի լոբբիի հզորությունը: Որոշումն ինչ-որ տեղ ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ Կալիֆորնիան յուրահատուկ նահանգ է: Այն ոչ միայն ամենահայաշատն է ԱՄՆ-ում, այլև՝ ունի ամենաշատ բնակչությունը, այստեղի սենատորները մեծ դեր են խաղում Սենատում և այլն: Այինքն՝ Կալիֆրոնիան որոշակի հատուկ դեր ունի»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման կարևորությունը պետք չէ չափազանց մեծացնել, քանի որ, վերջիվերջո, սա այլ պետության կողմից անկախության ճանաչում չէ.
«Ավելի պարզ՝ եթե անգամ ԱՄՆ 44 նահանգները ճանաչեն Արցախի անկախությունը՝ իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվի: Քանի որ ամբողջական պետության կողմից ճանաչում չկա»,- բացատրեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև, պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը:
Նախորդող հրապարակում՝ Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը