02/09/2014 16:00
«Արցախի անկախացման գործընթացը համապատասխան էր միջազգային նորմերին»
Հենց այսօր կարելի է ցույց տալ, որ Արցախի անկախացման գործընթացը սկսվել է մարդու իրավունքների ու միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ հետագայում, սակայն, այդ գործընթացը խեղաթյուրվեց ու բերվեց այլ դաշտ:
«Ընդ որում, սրա պատճառը ոչ միայն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունն է» այլև՝ ՀՀ թույլ դիվանագիտությունն այս հարցում»,- բացատրեց Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով.
«Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ Ադրբեջանն ավելի մեծ պայմաններ է առաջադրում, քան Հայաստանն ու Արցախը։ Հավատացնում եմ ձեզ՝ եթե Ադրբեջանն ունենար մեր փաստարկների 10%-ը՝ Հայաստանը միջազգային հարթակներում ընդհանրապես զրկված կլիներ իր ձայնի իրավունքից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումը կարող էր տեղի ունենալ և 1992թ.-ին, և 1994թ.-ի մայիսին, սակայն ցավոք՝ տեղի չունեցավ:
«Այնպես որ Արցախի լեգիտիմության օրինականացման հասցնելը մնացել է երիտասարդ սերնդի վրա»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը: