02/09/2014 19:25
Սեյրան Օհանյանն ընդունել է մի քանի զինծառայողների ընտանիքների
Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին և լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: