02/09/2014 14:08
Ռուսական շուկան վտանգներ ունի. Վազգեն Սաֆարյան
ԵՄ-ՌԴ փոխադարձ սանկցիաները կկանգնեցնեն արտագաղթը Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Աշխատանք չունենալու պատճառով այսօր շատերն են հեռացել Հայաստանից: Գյուղացին գյուղը լքում է, որովհետև իր ապրանքը չի կարողանում իրացնել»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը՝ Սաֆարյանը նկատեց, որ դրանով Ռուսաստանն այսօր հնարավորություն է տալիս հայկական տեղական գյուղմթերքն արտահանել ռուսական շուկա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար հայկական արտադրանքը բավականին բարձր է գնահատվում։
«Մեր մթերքները համային առումով յուրահատուկ են, օրինակ՝ հայկական կեռասը ռուսական շուկայում շատ գնահատված է՝ ծիրանից հետո»։
Վ. Սաֆարյանի համոզմամբ` ռուսական շուկան լավագույն հնարավորությունն է, և Հայաստանը պարտադիր պետք է օգտագործի այդ հնարավորությունը։ Նա կոչ է անում կառավարությանն ավելի սթափ լինել և անցնել գործնական քայլերի.
«140 հազար հեկտար չմշակված հողեր ունենք, որոնք պետք է մշակվեն, ստեղծեն ջերմոցային տնտեսություններ և խթանեն գյուղացիներին։ Գյուղնախարարությունը ևս խոստացել է հաջորդ տարի իր արտահանման ծավալներն ընդլայնել»,- հավելեց նա:
Սաֆարյանի գնահատմամբ՝ ռուսական շուկան լայն հնարավորություններ է բացում ոչ միայն գյուղմթերքների համար, այլև հայկական կոնյակի և գինիների տեսականու համար:
«Այսօր ՌԴ շուկայում մենք իրացնում ենք 11-11,5 մլն լիտր կոնյակ: Այդ ցուցանիշը մենք պետք է պահենք: Գինիների որակը նույնպես պետք է բարձրացնենք, որպեսզի գինու արտահանման ծավալները ևս մեծացնենք»,- ասաց նա։
Սաֆարյանի կարծիքով, ռուսական շուկան իր առավելություններով հանդերձ ունի նաև վտանգներ: Նրա խոսքով՝ եթե գյուղմթերքների արտահանումը խթանվի, ապա չի բացառվում, որ տեղական արտադրանքի գնաճ նկատվի:
«Գյուղմթերքի արտահանման դեպքում կարող է Հայաստանում բարձրանան տեղական արտադրանքի գները, ինչպես եղավ գառան մսի դեպքում։ Այժմ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և կարգավորի դաշտը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ հայաշատ մարզերում պետք է Հայաստանն ունենա իր առևտրային կցորդները, ովքեր կուսումնասիրեն ՌԴ շուկան և կասեն, թե ինչ պետք է այդ տարի մեծածավալ քանակով արտադրի Հայաստանը։