02/09/2014 15:27
Հայկական կողմը պետք է արագացնի «Նաիրիտի» գնման և գործարկման հարցը
«Հարավային երկաթուղին Հայաստանին հնարավորություն կտա կապ հաստատել ընդհուպ մինչև Չինաստան: Բայց մինչ Հարավային երկաթուղու մասին մտածելը պետք է հիշել, որ վերջերս Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված նոր նախագահը հայտարարել է, որ դեմ չէ վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ում համոզմամբ՝ աբխազական երկաթուղու գործարկումը և Հայաստանի, Վրաստանի երկաթուղիների կապը ռուսական երկաթգծի հետ կարող է փոխել իրավիճակը։
Բանախոսի կարծիքով՝ վերջին շրջանում երկաթգծով բեռնափոխադրումների ծավալները նվազում էին, քանի որ հայ գործարարներին ավելի ձեռնտու էր իրենց բեռներն ավելի արագ Ռուսաստանի տարածք հասցնելը: «Հիմա առավել կարևոր է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը, որով հնարավոր կլինի Ռուսաստանի հետ կապող երկրորդ ճանապարհն ունենալ»,- նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է փակ սահմաններին և Լարսի հաճախակի փլուզմանը՝ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ այդ փլուզում եղել է որպես բնական աղետ: Նրա խոսքով՝ չի կարելի աղետների վախից գործ չանել և տնտեսական առաջընթացը ձեռքից բաց թողել:
«Վերին Լարսի ավտոճանապարհի չգործելը հանգեցրեց նրան, որ Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները դեպի Ռուսաստան մի փոքր նվազեցին: Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունները պետք է համատեղ այս հարցի համար լուծում գտնեն: Քանի որ Ռուսաստանի հետ մեր առևտրատնտեսական հիմնական կապուղին համարվում է Վրաստանով ճանապարհը, որը զերծ չի նաև այսպիսի բնական աղետներից: Հայաստանի իշխանությունները միշտ պետք է աչքի առաջ ունենան Ռուսաստանի հետ կապող երկրորդ ճանապարհն ունենալու հարցը»,- ասաց նա՝ շարունակելով, որ 3 անգամ մշակվել է այդ ճանապարհին թունել կառուցելու ծրագիր, սակայն առաջին անգամ այդ թունելի կառուցմանը խանգարել է 1-ին համաշխարհային պատերազմը, երկրորդ անգամ՝ 2-րդ համաշխարհայինը, երրորդը՝ ԽՍՀՄ-ի փլուզումը:
Անդրադառնալով հայկական տրիկոտաժի և կաշի-կոշկեղենի արտահամանը՝ Սաֆարյանը նշեց, որ այսօր գործարարների մեծ մասն ուզում է, որ դրանք ևս արտահանվեն Ռուսաստան:
«Տարեկան շուրջ 3500-4000 տոննա կաշի է արտահանվում Հայաստանից, և հիմնականում` Թուրքիա, որը հետո վերամշակվում ու կաշվե իրերի ու կոշիկի տեսքով՝ ավելի թանկ, ներմուծվում ու վաճառվում է Հայաստանում: Պետությունը պետք է սահմանափակի կաշվի արտահանումը Հայաստանից դեպի Թուրքիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄՄ անդամների օրինակով անհրաժեշտ է բարձր մաքսատուրք սահմանել կաշվի արտահանման համար, ինչը թույլ կտա տեղում խթանել կաշվի-կոշկեղենի արտադրությունը:
«Մենք ունենք ընկերություններ, որոնք զբաղվում են կոշիկի արտադրմամբ: Այդ ընկերությունները ևս կարող են մեծ հաջողություններ ունենալ ռուսական շուկայում»,- հավելեց նա:
Սաֆայանի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի հայկական կողմը ռուսական կողմի հետ շփումներում նաև արագացնի ռուսական ընկերության կողմից «Նաիրիտի» գնման ու գործարկման հարցը:
«Ռուսական մոտ 22-23 ընկերություններ աշխատում են քլորոպրենային կաուչուկով, իսկ այդ կաուչուկը ներկրվում է Գերմանիայից: Ռուսաստանը տարեկան մոտ 24-30 հազար տոննա քլորոպրենային կաուչուկի վճարունակ պահանջարկ է ձևավորում: Հայկական կողմը կարող է բավարարել այդ պահանջարկի մոտ 50 տոկոսը: «Նաիրիտը» տարեկան մոտ 15 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ է արտադրում: Հայաստանը պետք է իր ներքին ռեսուրսների, հնարավորությունների վերահաշվարկ կատարի ու օգտվի ստեղծված լայն հնարավորություններից և այդ գործարքը ևս արագացնի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ռուսական շուկան վտանգներ ունի. Վազգեն Սաֆարյան