11/09/2014 20:24
Հունաստանի խորհրդարանի որոշումը մեսիջ էր Հս.Կիպրոս այցելած Էրդողանին
Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Այսուհետ Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիգլիչը արձագանքելով Հունաստանի խորհրդանի որոշմանը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն ուշադիր հետևել է Հունաստանի խորհրդարանի` սեպտեմբերի 9-ին ընդունած օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացին` հունական իշխանություններին պարբերաբար հորդորելով գործել անհրաժեշտ ճշգրտությամբ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ օրենքը կարող է խտրականության տեղիք տալ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության, ինչպես նաև Ռոդոս և Կոս կղզիներում բնակվող իրենց քաղաքացիների հանդեպ: Թուրքական կողմը մտահոգություն է հայտնում, որ Հունաստանում բնակվող թուրքերի նկատմամբ կարող է օրենքը խախտելու համար պատիժ սահմանվել:
Թանջու Բիգլիչը կարևորում է խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստում Հունաստանի արդարադատության և մարդու իրավունքների նախարարի հայտարարությունը, թե օրենքը չի անդրադառնալու երկրի արտաքին քաղաքականության վրա և ոչ մի երկիր չի թիրախավորում:
Հունաստանի խորհրդարանի քայլը իրոք արժանի է գովասանքի, սակայն այդ որոշման ընդունման վրա մեծ ազդեցություն է ունեցել թուրք-հունական դարավոր թշնամանքը և արդի հարաբերություններում առկա լարվածությունը, կապված ինչպես Պոնտոսի հույների ցեղասպանության(1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ), Էգեյան ծովում առկա տարածքային վեճերի, Կիպրոսի և այլ խնդիրների հետ:
Հունաստանը մայիսի 19-ը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր։ Հունաստանի նախագահ Կոնստանտին Կարամանլիսը 1994 թ. մարտի 7–ին հաստատել է հմր 2193 օրենքը, որով սահմանվել է Հիշատակման օրը։
Էգեյան խնդիրը վերաբերվում է Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովում տարածքային ջրերի և վիճելի կղզիների սահմանազատման հետ և այն քիչ էր մնում հանգեցներ պատերազմի ՆԱՏՕ-ի անդամ Անկարայի և Աթենքի միջև:
Թուրք-հունական հարաբերություններում Պոնտոսից ցեղասպանությունից հետո ամենացավոտ խնդիրը վերաբերվում է Կիպրոսի հիմնախնդրին: Այդ համատեքստում Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը յուրահատուկ մեսիջ էր Հյուսիսային Կիպրոս այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով բավականին կոշտ հայտարարություններով էր հանդես եկել Կիպրոսի օկուպացված հատվածում:
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի սկզբին նախագահի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Սեպտեմբերի 16-ին էլ նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է այցելելու Կիպրոսի հյուսիսային հատված:
Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում հանդիպել է այդ երկրի նախագահ Դերվիշ Էրօղլուի և պաշտոնական այլ անձանց հետ:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983 թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք: Տարբեր գնահատականներով, Հյուսիսային Կիպրոսում 55 եկեղեցի վերածվել է մզկիթի, 50 տաճար և վանք պղծվել է:
Էրդողանը իր այցի շրջանակներում Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հարաբերությունները համեմատել է մոր և իր զավակի հարաբերությունների հետ և խոստացել երբեք միայնակ չթողնել Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը նաև մեղադրել է Հունաստանի կիպրական հարցում ապակառուցողական դիրքորոշման համար:
Իր հերթին, Հունաստանի ԱԳՆ-ն շատ կոշտ է արձագանքել Էրդողանի այցին:
Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կոսնտանդինոս Կուտրասը անօրինական է համարել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Կիպրոսի թուրքական մաս:
Կուտրասն հավելել է, որ Կիպրոսում Էրդողանի արած հայտարարությունները հիասթափեցրել են Նիկոսիային և Աթենքին: