12/09/2014 19:10
Ճակատագրի ամենամեծ պարգևը. Իմ գրքերը լույս կտեսնեն հայերեն. Վիշնևսկի
Ես շրջում եմ՝ Զվարթնոց տաճարի արտասովոր պատմությունն անող ուղեկցորդուհու ասածներով տարված: Գլխավոր սրբարանի երեք հարկաշարքը՝ պսակված գմբեթով: Եվ այս ամենը՝ Քրիստոսից հետո դեռ յոթերո՜րդ դարում: Արտակարգ կառույց, որից միայն ավերակներն են մնացել երկրաշարժից հետո: Մտածում եմ մեր թվարկության յոթերորդ դարի Լեհաստանի մասին և մտաբերում պատմության իմ ձեռնարկի սև-սպիտակ լուսանկարները. Հեքիաթային աստվածությունների հավատացող հեթանոս ցեղերի պարզունակ փայտաշեն բնակավայրեր, մտացածին առասպելներ, ճամփեզրի քարեր և ջրային հավերժահարսեր: Իսկ այստեղ մի աշխարհ է, որն ասես հազար տարով առաջ է անցել:
Ուղեկցորդուհին պատմում է նաև հայ քրիստոնության մասին: Որ եղել է ու մնում է կարևոր այս երկրի համար և ուրիշ է ու անկախ իմ իմացած եվրոպական քրիստոնությունից: Հռոմից բաժանված, բայց նրան բարեկամ իր պապով, որին այստեղ կոչում են կաթողիկոս: Պատմում է նաև հայկական Հռոմի՝ Էջմիածնի մասին, որ հեռու չէ Զվարթնոցից: Երբ տեղեկանում է, որ լեհ եմ, հայտնում է նաև, որ լեհ պապ Հովհաննես Պողոս II-ը 2001-ին այցելել է Հայաստան և Էջմիածնում աղոթել հայոց կաթողիկոսի՝ Գարեգին II-ի հետ` Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի տոնակատարության ժամանակ: Հռոմում դեռ դաժանորեն հալածում էին քրիստոնյաներին, մինչդեռ Հայաստանում՝ առաջին քրիստոնյա երկրում, շատ եվրոպացիների համար աշխարհի ծայրին, պետությամբ մեկ գործում էր դատավարության մի օրենսգիրք, որ ստեղծված էր նրանց կրոնից և դրա հետևում կանգնած աստվածաշնչյան տողերից: Աստվածաշնչի հայերեն թարգմանության ձեռագիրը (մեր թվարկության հինգերո՜րդ դարում) վիճակվեց տեսնել հին ձեագրերի պահոցում կամ Երևանի Մատենադարանում: Բայց բնավ էլ Աստվածաշնչի հայերեն ձեռագիրը չէր, որ Մատենադարանում ամենմեծ տպավորությունը գործեց ինձ վրա: Այդ թանգարանի ապակե ցուցափեղկերից մեկում սրտի թրթռոցով տեսա աշխարհի պատմության մեջ մեծագույն և ամենահեղաբեկիչ աստղագետներից մեկի՝ իմ հայրենի Տորուն քաղաքում ծնված լեհ Նիկոլայ Կոպեռնիկոսի Երկնային ոլորտների պտույտների մասին երկի հայերեն ձեռագիրը:
Մատենադարանում իմացա նաև հայոց այբուբենի պատմությունը: Նույնիսկ ոչինչ չհասկանալով՝ դժվար է հայացքը կտրել մեր թվարկության մոտ 405 թվականին վանական Մեսրոպ Մաշտոցի (Աստվածաշնչի հայերեն թարգմանչի) հորինած գեղեցիկ տառերից: Լատինական այբուբենի տառերը, որոնցով ես գրում ու կարդում եմ սովորաբար (երբեմն գրում-կարդում եմ նաև կիրիլիցայով) հայերեն զարմանահրաշ տառերի կողքին թվում են մի տեսակ տաղտկալի ու հնարամտությունից զուրկ: Հենց այդ օրն իմացա, որ իմ տեքստերը պիտի հրատարակվեն հայերեն: Ես ներկա եմ Հայաստանում իմ գրքերով, որոնք կարդում են այստեղ ռուսերեն: Գիտեմ, որ կարդում են, քանի որ դրա մասին ասացին Երևանի համալսարանի ուսանողները հանդիպման ժամանակ: Այդ հանդիպումը պիտի կայանար համալսարանի դահլիճում, բայց այնպիսի բազմություն էր հավաքվել, որ ինքնաբերաբար դա տեղափոխվեց ամֆիթատրոն: Երբեք չեմ մոռանա հանդիպումը և ոչ միայն այն պատճառով, որ շփվեցի հայ երիտասարդության հետ ու նույն տեղում այդքան չքնաղ կանանց տեսա: Ի լրումն՝ բոլորն ինձ էին լսում: Ես տեղեկացա ներկայիս Հայաստանի մասին անմիջականորեն այնտեղ ապրող երիտասարդներից: Դա անգին բան է: Եվ հենց այդ օրն էլ երեկոյան ինձ տեղյակ պահեցին, որ գրքերիցս երկուսը՝ պատմվածքների ժողովածուն և նոր վեպս՝ «Գարնդը», կթարգմանվեն հայերեն: ճակատագրի ավելի լավ պարգևով չէի կարող Երևանից հասնել տուն՝ Մայնի Ֆրանկֆուրտ: Իմ գրքերը լույս կտեսնեն հայերե՜ն: Եվ ես 2014-ին կմասնակցեմ «Գրական տապանին» ու կտեսնեմ դրանք գրախանութների դարակներում:
Ֆրանկֆուրտ թռչելիս ինքնաթիռում մտորում էի հայերի հյուընկալության մասին: Այն ուշադրության և հոգատարության մասին, որով շրջապատված էի անցած այդ մի քանի օրերին: Եվ ես մտաբերեցի կարճ զրույցս մի տարեց մարդու՝ ահյի հետ, որին հանդիպեցի Ծիծեռնակաբերդում, որտեղ տրտմությունից, սարսափից ու ցնցումից ձգտում էի խոսել ինչ-որ մեկի հետ, միայն թե չլռեի: Հիշում եմ, որ մի պահ հարցրեց ինձ.
- Եթե գերմանացուց ճանապարհ հարցնես, ցույց կտա՞:
- Ես գերմանացի չեմ,- ասացի,- լեհ եմ, բայց գիտեմ, որ իհարկե ցույց կտա:
- Այ, դա է, որ կա,- պատասխանեց նա,- իսկ հայը քեզ կուղեկցի:
Դա զուտ ճշմարտություն է:
Հ.Գ. Աշխարհահռչակ լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկու «Վասն» էսսեն նվիրված է Հայաստանին: Այն գրվել է 2013 թվականին՝ գրողի հայաստանյան այցելությունից հետո: