12/09/2014 20:00
Արևմտյան կոալիցիան և ԻՊ-ի դեմ կազմակերպված ռազմարշավի հնարավորությունները
«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերը, կարծես, առավելապես նյութական, հոգեբանական արդյունք են կանխատեսում: Չնայած պաշտոնապես հայտարարվում է ամերիկյան ջանքերին մոտ 40 պետությունների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան Թուրքիա, Կանադա, Ավստրալիա, արաբական պետություններից՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Կատար, Օման, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան և այլն) կողմից տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, այնուամենայնիվ Վաշինգտոնի կողմից նախաձեռնված տարբեր հանդիպումներից, խորհրդակցություններից սպրդած տեղեկատվության համաձայն, իսլամական ծայրահեղ արմատական կառույցի դեմ իրականացվելիք բուն ռազմարշավում Միացյալ Նահանգները, կարծես, միայնակ է մնում. խոստացվող օժանդակությունն առավել թիկունքային է, մարդասիրական, հոգեբանական:
Մասնավորապես, արդեն իսկ պարզ է, որ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որոնց աջակցությունը հիմնականում կկրի նյութական և մարդասիրական բնույթ: Չափազանց կարևոր մեկ հանգամանք ևս՝ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության՝ բացառապես հումնաիտար բնույթի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին են հայտնել նաև Մերձավոր Արևելքում դաշինքի միակ անդամ Թուրքիայի իշխանությունները, որին սահմանակից Իրաքի և Սիրիայի առանձին շրջաններում են նաև իրականացվելու ավիահարվածներն. իրավիճակում որոշակի հստակություն մտցնելու նպատակով Էր Ռիադից Անկարա է շտապում կոալիցիայի «կնքահայր» ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Դժվար չէ ենթադրել, որ այս պետություններից բուն ռազմարշավին մասնակցելու ռազմական ներուժ ունեն Իտալիան, Ֆրանսիան, Կանադան. սահմանափակ (գուցե նաև ձևական) թռիչքներ իրականացնելու հավանականություն կա, թերևս, վերջին երկու պետությունների կողմից:
Ստացվում է՝ Վաշինգտոնն, ըստ էության միայնակ է մնում ԻՊ-ի դեմ պայքարում: Կարծես՝ ԱՄՆ-ին թողնում են միայնակ «վայելելու այն ապուրը», որն արդեն ավելի քան տասը տարի եփվում է նույն Իրաքում հենց ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:
Գուցե դաշնակիցների՝ առավել առարկայական մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը պայմանավորված է բարձր աստիճանի թերահավատությամբ՝ հիմնավորված նախ անցյալի փորձով, ապա՝ բացառապես օդային գործողությունների և իրաքյան բանակին, քրդական փեշմարգային ու սիրիական չափավոր ընդդիմությանը ցուցաբերվելիք ռազմական աջակցության միջոցով իսլամականների դեմ արագ և արդյունավետ պայքար մղելու հնարավորությամբ: Հետևաբար, ըստ էության, ԱՄՆ-ը շարունակելու է արդեն շուրջ 150 ավիահարվածների տրամաբանությունն՝ միակ տարբերությամբ՝ արդեն ավելի լայն հոգեբանական և պաշտոնական աջակցության պայմաններում:
Ինչ վերաբերում է ռազմարշավի արդյունավետությանն, ապա բնական է, որ ամերիկյան օդուժի գործողությունները կունենան լուրջ ազդեցություն, կպատճառեն էական վնաս ԻՊ-ին, մինչդեռ խոսել կառույցի վերջնական ոչնչացման մասին, իհարկե, միամտություն կլինի:
Այս համատեքստում, «Իսլամական պետության» դեմ հայտարարված միջազգային պայքարի բովանդակության մեջ առկա են որոշ ռազմավարական թերություններ, որոնք նախ և առաջ կարելի է պայմանավորել տարածաշրջանային իրողություններով, միջազգային հարաբերություններում առկա խնդրահարույց դիրքային հարաբերակցությամբ, նաև՝ Արևմուտքի համար սկզբունքային կարևորություն ունեցող հանգամանքներով: Մասնավորապես, ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարի համար առաջնային նախապայման է կառույցի նյութական և մարդկային ռեսուրսների սնուցման ուղիներն արգելափակելու հիմնախնդիրն, ասել է թե՝ Սիրիային և Իրաքին սահմանակից մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի սահմանների վերահսկողության մակարդակի աննախադեպ բարձրացում, ինչի մասին գրեթե չի խոսվում:
Մյուս բացթողումը՝ համատեղ պայքարին մասնակցելու հնարավորություն չի ընձեռնվել նախ տարածաշրջանային գործընթացներում էական ազդեցություն ունեցող Ռուսաստանին ու Իրանին, ապա նաև՝ արևմտյան դաշինքի կողմից «սեփական ժողովրդին կոտորող բռնապետ» հռչակված Բաշար ալ-Ասադի վարչակարգին:
Առաջին դեպքում Արևմուտքը, կարծես, տնտեսական, քաղաքական պատժամիջոցներին զուգահեռ, որպես հավելյալ ճնշման միջոց, տարածաշրջանային գործընթացներին միջամտելու առումով լուսանցքում է թողնում Մոսկվային և Թեհրանին, մինչդեռ առնվազն ավելի քան 3,5 տարի շարունակվող սիրիական ճգնաժամին վերոնշյալ պետությունների դերակատարության օրինակով կարելի է կանխատեսել, որ նման մեկուսացման դեմ ակնկալվող բնական հակազդեցությունը միմիայն հավելյալ խոչընդոտներ կառաջացնի արևմտյան կոալիցիայի համար:
Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությանը և գործող վարչակարգի ապագային, ապա էական ազդեցություն խնդրի հանգուցալուծման վրա արևմտյան ռազմարշավը հազիվ թե ունենա. թերևս, առավել հավանական է տրամագծորեն հակառակ արդյունքը: Նախ, եթե ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքում իրականացվելիք օդային հարվածները կուղեկցվեն դաշնակիցների և իրաքյան դերակատարների կողմից մշակված, համակարգված մարտավարական գործողություններով՝ դրանով արդյունավետության որոշակի գործակից հաղորդելով ռազմարշավին, ապա նույնը չի կարելի ասել Սիրիայի պարագայում. այստեղ կոալիցիան չունի որևէ ունակ դաշնակից, որի հետ զինակցությունը կհանգեցնի նույնքան դրական ակնկալիքների, որոնք հնարավոր են Իրքում:
Ավելին, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն, ըստ որի՝ սաուդյան իշխանությունները համաձայնել են զինել և մարզել սիրիական չափավոր ընդդիմությանը, ցույց է տալիս, որ հակաասադյան արտաքին կոալիցիան շարունակում է արդեն 3,5 տարի, ըստ էության, ձախողված ռազմավարությունը, միակ՝ աշխարհագրական տարբերությամբ՝ Հորդանանի փոխարեն օտարերկրացի զինյալների նախապատրաստումն ու դեպի Սիրիա «գործուղումը» կազմակերպվելու է Սաուդյան Արաբիայի տարածքից:
Արդեն տևական ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսային իրավիճակի ոչ միայն հանգուցալուծման հեռանկարն է չափազանց մշուշոտ, այլև՝ անկանխատեսելիության գործակիցն է բավականաչափ բարձր: