12/09/2014 18:10
ԱՄՆ-ը նվազեցրել է միջուկային հարցում Իրանին ներկայացված պահանջները
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերին, իսկ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տան մամուլի խոսնակը պաշտոնապես հայտարարեցին, որ Իրանը մասնակից չի դառնալու Իսլամական Պետության ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններին: Մինչ այդ, ԱՄՆ և ԻԻՀ միջև ընթացել էին բանակցություններ, որոնց շրջանակներում չէր քննարկվել տարածաշրջանում մոլեգնող ծայրահեղ արմատականության դեմ ռազմական համագործակցություն ծավալելու խնդիրը:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների սեղանին դրված խնդիրների վերաբերյալ իրանական և արևմտյան ԶԼՄ-ները սակավախոս են, կարևոր մանրամասնություններ հայտնի չեն, սակայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և մամուլի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ իրանական կողմն ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին չմասնակցելու դիմաց ամերիկացներից պահանջել և ստացել է որոշակի երաշխիքներ առ այն, որ հետագայում շիական քաղաքական գործոնը չի վտանգվի Իրաքում:
Հատկանշական է նաև Սպիտակ տան մամուլի խոսնակի նույն սեպտեմբերի 11-ի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը նվազեցրել է միջուկային հարցում Իրանին ներկայացված պահանջներն ու ակնկալիքները: Մյուս կողմից, վերհիշելով ԻԻՀ իշխող շրջանակների՝ վերջերս պարբերաբար հնչեցրած լավատեսական հայտարարությունները, միջուկային հիմնախնդիրը մինչև տարեվերջ լուծելու առնչությամբ, կարելի է ենթադրել, որ իրան-ամերիկյան բանակցություններում որոշակի տեղ է զբաղեցրել նաև միջուկային հիմնահարցը:
Ինչ էլ լինի, պարզ է, որ Թեհրանի և Վաշինգտոնի պայմանավորվածությունը տարածաշրջանային գործընթացների և միջուկային հիմնախնդրի հետ կապված զարգացումների շուրջ լոկ իրավիճակային է և միտված է կարճաժամկետ ապագայի խնդիրներ լուծելուն, ուստի ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների ողջ բարդությունն ի դերև կարող է հանվել այն ժամանակ, երբ օրակարգում այլևս չլինի ծայրահեղ արմատականության խնդիրը կամ ահաբեկչության դեմ պայքարի արևմտյան մեխանիզմները վերջնականապես տապալվեն Իրաքում և Սիրիայում:
Երկու դեպքում էլ տարածաշրջանում սպասելի են ուժերի նոր դերաբաշխումներ և վերադասավորումներ, որոնք կարող են մղել Իրանին առավել ակտիվ դերակատարման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացներում: