13/09/2014 14:57
Այսօր աշխարհի բոլոր անկյուններում մասնագետների պակաս կա. Կ. Վարդանյան
«Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում կարող է և՛ տուժել, և՛ շահել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ում համոզմամբ՝ երկրում բացակայում են համապատասխան քաղաքական և տնտեսական ինստիտուտները, որոնք համարժեքորեն կվերլուծեն այս խնդիրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ մինչև 2023 թվականը մոտ մեկ մլն IT մասնագետների պակաս կզգա: Վարդանյանի հավաստմամբ՝ նույն իրավիճակն է նաև Ռուսաստանում: «Այսօր աշխարհի բոլոր անկյուններում տեխնոլոգիական մասնագետների պակաս է զգացվում: Եթե մենք ունենանք համապատասխան մասնագետներ և ձեռնարկություններ, կարողանանք բարելավել կրթական համակարգը թե դպրոցում, թե համալսարաններում և պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն աշխատել տարբեր շուկաներում, այդ դեպքում՝ մենք կկարողանանք ապահովագրել մեզ տարբեր տեսակի տատանումներից»,- ասաց նա:
ՏՏ ոլորտի մասնագետն ընդգծեց նաև, որ ինքն անձամբ կողմ է ինքնիշխան պետության ստեղծմանը, բայց հասարակության մեծ մասը իր երկրին վերաբերում է որպես ֆուտբոլի երկրպագու: «Մեր հասարակության 95%-ը, ցավոք, կամ եվրոպական, կամ ռուսական հայացքներ ունի: Բայց կա նաև հայկական կողմնորոշում, որը ամենաուժեղն է, և որի օգնությամբ կարելի է ավելի շուտ ոտքի կանգնել»,- հավելեց նա: