13/09/2014 16:24
Բարեգործական համերգ Բերդում. Շահույթը կփոխանցվի սահմանամերձ գյուղերին
Վաղը ժամը 19:00-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորան» ռեստորանում տեղի կունենա համերգ, որին մասնակցելու են «The Voice», «Հայ սուպերսթար» և «X-factor» երաժշտական նախագծերի եզրափակիչ փուլի կատարողները: Համերգն առանձնահատուկ է, քանի որ դրա կազմակերպիչներն ու մասնակիցները միաձայն որոշել են ստացված ողջ հասույթը տրամադրել «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպությանը՝ սահմանամերձ գյուղերում իրականացվող որևէ ծրագրի համար:
«Ցանկացանք, որ ժողովրդի լարված առօրյայում նման միջոցառում լինի, որ մարդիկ գան, հաճելի երաժշտություն լսեն»,- Aysor.am- ի հետ զրույցում ասաց Բերդի բնակիչ, համերգի կազմակերպիչներից Նարեկ Մելքումյանն՝ ընդգծելով, որ երիտասարդ կատարողները համաձայնեցին մասնակցել միջոցառմանը մեծ ոգևորությամբ:
«Նրանք ցանկանում էին սահմանային համայնքներին ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցույց տալ ու քանի որ հետևում ենք «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի գործունեությանը, որոշեցինք հենց իրենց տրամադրել ստացված շահույթը»,- պատմեց Նարեկ Մելքումյանը:
«Արդեն բավականին արձագանքներ կան: Նախապես պատվիրված սեղաններ ունենք, հուսանք, որ ինչպես ոգևորությամբ սկսել ենք այս նախաձեռնությունն՝ այդպես էլ ամեն բան լավ կստացվի»,- ավելացրեց Նարեկ Մելքումյանը:
Նշենք, որ «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպությանը սահմանամերձ գյուղերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ խաղահրապարակների կառուցում, մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգում: