13/09/2014 11:52
Յացենյուկ. Ունենք կուտակած գազ, ու սա բավական է ձմռանը չսառելու համար
Ուկրաինան իր ստորգետնյա հավաքակայաններում կուտակել է մոտավորապես 17 մլդ խմ գազ: Սա բավական է, որ ձմռանը չսառենք, բայց բավական չէ ձմեռը լավ անցկացնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նշենք, որ երկար ու անհաջող բանակցություններից հետո «Գազպրոմն» այս տարվա հունիսի 16-ից Ուկրաինան գազով ապահովող «Նավթոգազ» ընկերության հետ սկսեց աշխատել միայն կանխավճարային սկզբունքով: Այսինքն՝ մատակարարվող գազի համար պետք էր վճարել նախապես: Հիմա Ուկրաինան օգտվում է միայն Եվրոպայի համար նախատեսված գազի տրանզիտային ծավալներից: Մասնագետները նշում են, որ երբ սպառվեն ուկրաինական գազի կուտակված ծավալները, երկիրն ուղղակի կկանգնի լրջագույն խնդրի առջև:
Ընդ որում, նախնական հաշվարկներով, ձմեռն անցկացնելու համար երկրին առնվազն 18,5 մլդ խմ գազ է պետք: