15/09/2014 17:58
1 ընտանիք՝ 1+ զավակ՝ Տիրոջ օրհնությամբ. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ
Ռուբեն աբեղա Զարգարյանն իր Facebook-յան էջում դիմել է համայն հայությանը՝ կոչ անելով յուրաքանչյուր հայ ընտանիքի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ևս մեկ երեխա լույս աշխարհ բերել.
«Սիրելի՛ երիտասարդ ամուսիններ,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ սպասվում են բազմաթիվ միջոցառումներ՝ պաշտոնական թե ոչ պաշտոնական, համազգային թե միջազգային, աշխարհիկ թե հոգևոր, գիտական թե մշակութային: Բայց այս ամենից զատ հայոց մեծագույն ողբերգության հիշողությունն ու հիշատակը յուրաքանչյուրիդ ընտանիքում շոշափելի և իրական արտահայտություն կգտնի, եթե ամեն երիտասարդ ընտանիք 2015թ., ի հիշատակ հայոց եղեռնի մեկ անմեղ զոհի, մեկ զավակ լույս աշխարհ բերի: Սա ոչ միայն կնպաստի մեր երկրի ժողովրդագրական պատկերի դրական փոփոխությանը, այլև ձեր անհատական պատասխանը կլինի ցեղասպան պետության մերժողական կեցվածքին:
Որքա՜ն խոսուն է պատմական այն դրվագը, երբ Կիպրոսի Մելքոնյան վարժարանի բացման առթիվ հիմնադիր-բարերարն իր մտադրությունն այսպես է բացատրում. «Այս դպրոցը կը բանամ Ազգիս Վրէ՜ժը լուծելու»: Պատկերացնենք, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ երեխա լույս աշխարհ բերելով, հայտարարի, թե իր վրեժը լուծում է կյանք պարգևելով:
Հետևաբար, սիրելի՛ երիտասարդներ, Հայոց մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ որդեգրե՛ք և իրականությո՛ւն դարձրեք հետևյալ կարգախոսը՝ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ – ՄԵԿ ԶԱՎԱԿ՝ Տիրոջ օրհնությամբ:
Հ.Գ. Ինչպես ասում են՝ երեխան կծնվի՝ հաջողությունը հետը:
Աստված ամենքին իր բաժինն է տալիս»: