15/09/2014 13:43
«Էկոխնձորիստան» ծրագրի միջոցով Արցախում կփորձեն զարգացնել էկոտուրիզմը
Արցախում պետք է փորձենք զարկ տալ կյանքի որակի զարգացմանը և ստեղծենք պայմաններ, որ մարդիկ չհեռանան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը՝ բացատրելով, որ նման մի նախագիծ է այս տարի ստեղծված «Էկոխնձորիստանը»:
««Էկոխնձորիստանի» նախագիծը մշակվել է Արցախի և Հայաստանի մի շարք նախաձեռնություններ համատեղ ջանքերով: Այն ԼՂՀ-ում էկոգյուղերի ցանց է, որն իր մեջ ներառում է Խնձորիստան, Պատարա և Աստղաշեն գյուղերը»,- ասաց Արսեն Գասպարյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է գյուղերում զարգացնել էկոկրթությունը, էկոտուրիզմն ու ագրոտուրիզմը:
«Այստեղ արտադրվող գյուղմթերքը պիտի լինի առանց թունաքիմիկատների: Բացի այդ, պիտի փորձենք արևային էներգիայի միջոցով այս համայնքներում ապահովել լուսավորություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համայնքներում ստեղծվելու են նաև այլընտրանքային շահույթի միջոցներ:
«Մեր նախագծերը արդեն պատրաստ են: Հիմա ֆինանսական խնդիրն է կարևոր լուծել, բայց գիտեք, որ այլ երկրներից գումար չենք կարող հայթայթել, քանի որ խոսքը Արցախի մասին է: Հավանաբար, կկազմակերպենք նաև դրամահավաքներ»,- ասաց Արսեն Գասպարյանն՝ ավելացնելով, որ խոսքը գնում է 80-100 հազ. դոլար գումարի մասին: