15/09/2014 15:32
«Զրպարտություն և վիրավորանք». Առցանց ձեռնարկ` բոլորի համար
Հանգստյան օրերին Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա սեմիար էր կազմակերպել փաստաբանների և լրագրողների մասնակցությամբ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն իր խոսքում անդրադարձավ պետական գերատեսչությունների` ինֆորմացիա տրամադրելուն, աշխատելաոճին, ինչպես նաև` «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքին, այդ թվում` անհատական տվյալների տրամադրմանն ու հրապարակմանը և մի շարք այլ հարցերի ևս:
Քննարկումներին մասնակցում էին ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը, ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը, «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը և այլք:
Աշխատանքային քննարկման երկրորդ օրը «Արթնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արայիկ Ղազարյանն ու «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը ներկայացրին «Զրպարտություն և վիրավորանք» առցանց ուղեցույցը:
Այսպես` Ա. Ղազարյանն ասաց, որ ձեռնարկը ներկայացվել է օնլայն տարբերակով և այն կարելի է անընդհատ թարմացնել՝ առանց մեծ ծախսերի:
«Մենք այս ձեռնարկում տվել ենք ակտիվ հղումներ դեպի այլ աղբյուրներ, այն օգտագործելը շատ հեշտ է ու մատչելի: Ձեռնարկը կառուցվել է այնպես, ինչպես կմտածի սովորական քաղաքացին, երբ ցանկանա ինչ-որ հարցով դիմել դատարան»,- ասաց Ա. Ղազարյանը:
Ձեռնարկում, նրա խոսքով, ներկայացված է քաղաքացու՝ դատարան դիմելուց առաջ և հետոյի գործողությունները:
«Մեծամասամբ ձեռնարկը կազմված է դատական պրակտիակայի և դատական նախադեպերի վրա: Ձեռնարկը կառուցվել է քայլ առ քայլ սկզբունքի հիման վրա` նյութաիրավական քայլից մինչև բուն դատական գործընթացներ»,- ասաց նա:
Իր հերթին Արտակ Զեյնալյանն ասաց, որ «Զրպարտություն և վիրավորանք» առցանց ուղեցույցում ամեն ինչ ներկայացված է հարավորինս մատչելի, որպեսզի յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը:
«Ձեռնարկը ուղեցույց է փասատաբանների և լրագրողների համար, այն ձեռնակ է ուսանողների, դասախոսների համար: Գրել ենք հնարավորինս մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին»,- ասաց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, որ այնքան մատչելի է, որ նույնիսկ իրավաբանական լեզուն կարող է տուժել: