15/09/2014 15:17
Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան բանակցային գործընթացի մասնակիցների միջև ինտենսիվ բանակցությունների հույս ունի: Նման կոչով հանդես էր եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը:
Trend գործակալության փոխանցմամբ, Կասպրշիկը նշել է, որ դրական են գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք` այդ գործընթացի առաջխաղացման համար:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն հակամարտության կողմերին է ներկայացրել իր առաջարկությունները և կոչ է արել սկսել ինտենսիվ բանակցություններ:
Կասպրշիկը նշել է, որ կողմերը այժմ պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ գործընթացը առաջ մղելու համար:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցություն ցուցաբերել հակամարտության կողմերին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նաև դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում ու հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով կազմակերպվող հանդիպմանը: