15/09/2014 18:28
ԱՄՆ-ը թույլ չի տալու Ասադին օգտվել «Իսլամական պետության» ոչնչացումից
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար պատրաստ է ռմբակոծել նրանց հենակետերը Սիրիայի տարածքում: ԱՄՆ-ը չի պատրաստվում ստանալ Դամասկոսի համաձայնությունը ռմբակոծելու այդ երկրի՝ իսլամականների վերահսկողության տակ գտնվող տարածքները, դրանով մեկ անգամ ևս ընգծելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը չի համագործակցելու Բաշար Ասադի վարչակազմի հետ:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ը և նրա Մերձավոր Արևելքի դաշնակիցները, այդ թվում Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան ֆինանսավորել և զինել են սիրիական ապստաբներին՝Ասադի վարչակազմը տապալելու համար, իսկ երբ այդ նախաձեռնությունը չհաջողվեց և Ասադը վերընտրվեց նախագահ, զինված խմբավորումների մի մասը, այդ թվում «Իսմալական պետությունը» գրավեց նաև Իրաքի մի զգալի մասը ու խալիֆայություն հռչակեց, Վաշինգտոնը փոխեց իր դիրքորոշումը և ռազմաքաղաքական կոալիցիա է ձևավորում ընդդեմ իր նախկին ջիհադական դաշնակիցների:
ԱՄՆ-ը սիրիական հարցում փորձում է կիրառել բավականին հետաքրքիր սխեմա՝ ռմբակոծել «Իսլամական պետությանը» այնպես, որ դա որևէ կերպ չանդրադառնա Ասադի վարչակազմի ամրապնդմանը և կառավարական ուժերի առաջխաղացմանը իսլամականների կողմից վերահսկվող տարածքներ:
Այդ նպատակով Սաուդյան Արաբիայում պատրաստվելու են «չափավոր» իսլամականների ջոկատներ՝ 5.000 մարտիկ, որոնք պայքարելու են «Իսլամական պետության» և Ասադի դեմ: Վաշինգտոնի մտահաղացմամբ, «Իսլամական պետության» հենակետերը ոչնչացնելուց հետո առաջացած յուրօրինակ «վակուումը» չպետք է լցվի ասադական ուժերով: Ամերիկյան կողմը ցանկանում է պահպանել Ասադի դեմ իր բոլոր խաղաքարտերը՝արդեն չվերահսկվող իսլամականներին փոխարինել ամերիկյան և սաուդյան վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումներով:
ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում հանգեցնելու են Դամասկոսի ռազմավարական դաշնակից Իրանի դժգոհությանը, քանի որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու և նրանց ոչնչացնելու պատրվակով Վաշինգտոնը կարող է «սխալմամբ» ռմբակոծել Ասադի պալատը կամ սիրիական ԶՈւ-րի կարևորագույն հենակետերը նույնպես՝մեկ հարվածով թուլացնելով իր հիմնական հակառակորդներին՝իսլամականներին և Ասադին:
Ամերիկացիների այս բավականին բարդ խաղը կարող է հաջողությամբ չպսակվել, քանի որ իսլամականները կարող են իրենց վերահսկողության տակ գտնվող մի քանի միլիոնի հասնող բնակչությանը օգտագործել որպես «կենդանի վահան» օդային հարվածների դեմ, բացի այդ, կառուցել ապաստարաններ՝ օդային հարվածների արդյունավետությունը չեզոքացնելու նպատակով: Ինչպես մինչ այդ հայտարարել էր նախագահ Օբաման՝ Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ չեն նախատեսվում:
ԱՄՆ-ի կողմից սիրիական տարածքների ռմբակոծությունից կարող է օգուտ քաղել Ասադը, եթե կարողանա ԱՄՆ-ի օդային հարվածներից հետո արագ հակագրոհի անցնել և հետ գրավել նախկինում իսլամականների վերահսկողության տակ գտնվող շրջանները: Դա թույլ չտալու համար էլ ամերիկացիները չեն հարվածելու «չափավոր» իսլամականներին կամ զինված ընդդիմության վերահսկելի հատվածին, որպես հակակշիռ Ասադին հավատարիմ ուժերին: