15/09/2014 09:42
Խոշոր ավտովաթար Թումանյան փողոցում. Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` Ինեկո բանկի մոտակայքում, տեղի է ունեցել պատահար, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Կան տուժածներ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում ԲՄՎ մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանված Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս` Նիսսան Մարչ մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով վարորդ՝ Ա. Ս.-ն և ուղևոր Ռ. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ և Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել` 04.54-ին:
Այրվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը և հետևի երկու անվադողերն ամբողջությամբ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: