16/09/2014 17:42
Իրականում, մենք ունենք սուպերնախագահական համակարգ. Աղվան Վարդանյան
ՀՅԴ-ի տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու հետևողական է: Այս մասին այսօր սահմանադրական բարեփոխումների շուրջ կայացած քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն տարիների շարունակ պնդել է այդ գաղափարը, ուստի շարունակում է մնալ այն կարծիքին, որ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ:
«Թեև նախատեսված չէ բովանդակային քննարկում, սակայն անհնար է այդ մասին չխոսել: Մենք պնդել ենք, որ այս համակարգը չի նպաստում մեր երկրի զարգացմանը: Թեև մեր երկիրը կիսանախագահական է, սակայն իրականում ունենք սուպերնախագահական համակարգ»,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ հենց այս կիսանախագահական համակարգն է, որ հարմարեցված է իշխանության վերարտադրության համար:
«Եթե Րաֆֆին լիներ նախագահ, երկիրը մեկ շաբաթ հետո այլ տեղ էր գնալու: Անընդհատ խոսում ենք, թե այս իշխանությունները վատն են, իրավունք չունեն նման բարեփոխում իրականացնել, սակայն տարիներ շարունակ ինքներս ենք պայքարել այդ գաղափարի համար: Իշխանությունները շատ ավելի հեշտ են վերարտադրվելու, եթե այս համակարգը շարունակի մնալ: Մեր առաջարկած փոփոխությամբ սահմանափակվում, կաշկանդվում է իշխանության վերարտադրությունը»,-նշեց նա՝ հավելելով, որ սահմանադրական նոր բարեփոխումների շնորհիվ կարելի է միայն երկիրը ոտքի կանգնեցնել:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական ուժերը պետք է նաև միմյանց հետ համագործակցեն:
«Մենք պետք է այնպես անենք, որ ավելի թափանցիկ որոշում կայացվի: Ո՞վ է տալու մեզ երաշխիք, որ նոր ընտրությունների պարագայում, իշխանությունները կրկին չեն վերարտադրվի: Թող ժողովուրդը, հասարակությունն ինքը որոշի, թե որ համակարգն է ավելի ձեռնտու: Այո, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, բայց պետք չէ թաքնվել հասարակության շղարշի տակ: Մենք պետք է հասարակությանը հստակ ներկայացնենք, թե ինչու են իրականացվում սահմանադրական բարեփոխումներ»,- եզրափակեց խոսքը պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ «Ժառանգությունն» առաջարկում է 2016-ին արտահերթ ընտրություններ անցկացնել