16/09/2014 11:11
Ադրբեջանի բողոքը չուշացավ. Բողոքի նոտա է ուղարկվել Բասկերի երկիր
Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկելու Իսպանիա՝ կապված Բասկեր երկրի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հետ:
Այս մասին հայտնում է «Trend» լրատվականը` մեջբերելով Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևի խոսքերը:
Լրատվականը գրում է, թե ԶԼՄ-ներում լայն տարածում գտած տեղեկությունը, թե Բասկերի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, չի համապատասխանում իրականությանը: Փաստաթուղթը ընդունված է ոչ թե Բասկերի Խորհրդարանի, այլ նահանգային իշխանությունների կողմից:
«Դեսպանությունը շարունակում է պարզել հարցի իսկությունը: Հարց է, թե իրականում ճանաչված է «այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախությունը, կամ՝ այդ իրավունքը Խորհրդարանի կողմից, թե ոչ: Բասկերի երկրի առաջնորդների հետ մենք հանդիպում ենք խնդրել, որի ժամկետները դեռ հստակեցված չեն: Միևնույն ժամանակ դեսպանությունը նամակ է ուղարկել նաև Բասկերի երկրի առաջնորդին, որով բացատրություն է պահանջել նրանից»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, թե այդ բացատրությունը շատ չի ուշանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բասկերի երկիրը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Ի դեպ՝ այս օրերին Բասկերի երկրում է գտնվում նաև ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Նահանգային իշխանությունների կողմից պատվիրակությունն արժանացել է ամենաբարձր մակարդակով ընդունելության, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ՝ Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Բասկերի խորհրդարանի կողմից Արցախի ճանաչումը շատ կարևոր քայլ էր. Դ. Բաբայան