16/09/2014 14:16
Վարորդներն ի նշան բողոքի՝ 15 րոպեից ավելի կկանգնեն կարմիր գծերում
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Մերգելյան ինստիտուտի տարածքից կմեկնարկի Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում ցուցադրական բողոքի ակցիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանի խոսքով, թեև իրենց նախաձեռնության անդամները մինչև այժմ կարմիր գծերի տարածքում 15 րոպեից ավելի կանգնելու ու չվճարելու համար չեն տուգանվել, սակայն այժմ որոշել են ցուցադրական կերպով կանգնել կարմիր գծերում 15 րոպեից ավելի և չվճարել, իսկ դրա համար եկած տուգանքները բողոքարկել դատարանում՝ դրանք վերացնելու պահանջով:
Ա. Միքայելյանի խոսքով՝ նման պահանջով մոտ 15 դիմում բավարարվել է քաղաքապետարանում, իսկ վաղը կայանալիք ակցիան կրում է տեղեկատվական բնույթ:
Ա. Միքայելյանը ասաց, որ իրենց նախաձեռնության անդամները կիրակի օրը նման ակցիա անցկացրել են մարզերում, քանի որ այնտեղ դեռևս չկան կարմիր գծանշումներ, սակայն խոսակցություններ կան, որ շուտով լինելու են:
«Այցելել ենք Կոտայքի և Գեղարքունիքի մարզ, մարդկանց բաժանել թռուցիկներ: Թեև քչերն էին տեղեկացված, բայց ոչ մի բացասական արձագանք չստացանք, իսկ Երևանում մարդկանց մոտ անտարբերություն կար»,-ասաց Ա. Միքայելյանը: