16/09/2014 17:16
Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի գործարարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ և գործարարներ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարևորել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում և նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում` գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին` պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: