16/09/2014 12:39
Երևանի ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա կստեղծվի գերմանական գիմնազիա
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը: Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը: Կարևորվել են աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի:
Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ: Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք «Շախմատը դպրոցում» միջազգային համաժողովին, որը կազակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը: