16/09/2014 19:02
Գրանդ փիղը կոտրել է ժանիքները. Նա սեպտեմբերի 18-ին կվիրահատվի
Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փիղը կոտրել է ժանիքները ծնոտոսկրի մոտից և սեպտեմբերի 18-ին կվիրահատվի: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գռուզիան»: Այդ նպատակով Վրաստան է ժամանելու աշխարհահռչակ ատամնաբույժ Փիթեր Քերթեսը:
«Բնության մեջ հաճախ է պատահում, որ փղերը կոտրում են ժանիքները: Գրանդի մոտ ևս այդ խնդիրն է առկա: Ընդհանրապես, ասիական փղերի արուների մոտ հաճախ ժանիքները չեն աճում, այնպես որ դրանց բացակայությունը չի խանգարում փղի գոյությանը, սակայն Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկորին շատ մոտ, և բորբոքումից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր լվանալ ժանիքները», - ասված է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:
Փղին այդ վիճակում երկար չի կարելի թողնել, քանի որ բորբոքային օջախի առկայության պատճառով փիղը կարող է սատկել:
Գրանդ փղիկը Թբիլիսի էր ուղևորվել այս տարվա հունիս ամսին, քանի որ Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր անհրաժեշտ և ավելի վաղ Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել, իսկ նրա ձագը՝ 6-ամյա Բունկան, ուղևորվել էր Երևան: