16/09/2014 15:30
Ղարաբաղի անվտանգության հարցով «Ժառանգությունը» ԱԺ է ներկայացրել նոր նախագիծ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս մասին հայտնում են խմբակցության մամուլի գրասենյակից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը:
3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`
• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)
• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )
• Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը: