16/09/2014 18:30
Թովմասյան. Բարեփոխումները չեն փոխարինելու երկրում առկա խնդիրների լուծումանը
Այսօր հրավիրված կոնֆերանսի ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը վստահություն հայտնեց, թե եկել է երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իրական ժամանակը:
«Ոչ ոք չի ասում, այդ թվում և հանձնաժողովը, որ այն խնդիրները, որոնք կան մեր երկրում, պետք է դնենք մի կողմ ու միայն սահմանադրական բարեփոխումներով զբաղվենք: Այդ բարեփոխումները չեն գալիս իրենցով փոխարինելու այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ջանքերը»,- ասաց նա՝ նշելով նաև, որ խորհրդարանական կառավարման մասին դեռ խոսել են 90-ականներից, իսկ այսօր, երբ իշխանությունները առաջարկում են անցնել այդ մոդելին, այդ ուժերը առարկում են:
«Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ պահի այդ ժամանակը լինելու է, կամ որտեղի՞ց վստահություն, որ այդ ժամանակը լինելու է մեկ կամ երեք տարի հետո»,- հարցրեց Հ. Թովմասյանը:
Անդրադառնալով գործող Սահմանադրությանը՝ Հ. Թովմասյանն ընդգծեց, որ եթե այն լավն է, ուրեմն կիրառվում է, իսկ եթե չի կիրառվում, նրա խոսքով, դա բխում է հիմնականում երկրի ներքին խնդիրներից:
«Ես չեմ ցանկանում, որ երկրում ամեն ինչ բացառապես կախված լինի քաղաքական կամքից: Շատ են խոսում քաղաքական կամքից, սակայն հնարավոր է այդ կամքը չլինի ու հանկարծ պարզվի, որ մեր կառավարությունը բաղկացած է երկու նախարարությունից, իսկ մնացած բոլորը իրականացնում են կառավարությանն առնթեր մարմիններ, որոնք դուրս են պառլամենտական վերահսկողությունից: Վատ կամքի դեպքում, այո, նաև նման դրսևորում է հնարավոր: Իսկ գուցե Սահմանադրությամբ հնարավոր է այդ ամբողջը լուծե՞լ, այդ բոլորի պատասխանները տալ ու վերջացնել»,- ընդգծեց Թովմասյանը: