16/09/2014 10:20
Կալանավորը հայտնել է, որ ոստիկանները իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել
Ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:
2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: