16/09/2014 18:54
Ղազախստանը պատրաստվում է նավթամքերք գնել Ադրբեջանից
Ղազախստանի ազգային նավթազազային ընկերությունը՝ «КазМунайГаз»-ը, բանակցություններ է վարում ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ՝ նավթամթերքի գնման համար:
Trend գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը ցանկանում է այդ գնումներով լրացնել երկրի ներքին շուկայում առկա բացը:
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ուզակբայ Կարաբալինը հայտարարել է, որ արդեն ձեռք է բերվել 690.000 տոննա բենզինի առաքման պայմանավորվածություն:
Հիշեցնենք, որ Ղազախստանը և Ադրբեջանը նպատակ ունեն մոտակա ժամանակներս երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը:
Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների միջև այսօրվա դրությամբ բավարար չէ և այն պետք է ավելացնել:
Դեսպանի խոսքով՝ 2013 թ.-ի դրությամբ ադրբեջանա-ղազախական ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար:
Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները:
Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:
Բաքվում գործում են ղազախական Air Astana, SCAT ավիաընկերությունները, իսկ Բաքու և ղազախական Աքտաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ:
Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից`Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում:
Բացի տնտեսական, առևտրային կապերից, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների զարգացմանն նպաստում են նաև 2 երկրներում գործող հասարակական կազմակերպությունները` Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, որը ստեղծվել է 1992թ.-ի մայիսին և միավորում է երկրի 120.000-ոց ադրբեջանական համայնքը:
Իր հերթին, Բաքվում 1994թ.-ից գործում է Ադրբեջան-Ղազախստան կազմակերպությունը, որին անդամակցում են պետական գործիչներ, Ադրբեջանի և Ղազախստանի մշակույթի գործիչներ և այլոք: