16/09/2014 18:07
ԲՀԿ պատգամավոր. Իշխանությունների շահը հավերժացման մոտիվացիան է
Հայաստանը այսօր կանգնած է բարդ ընտրության առջև: Հասարակությունը ստիպված է սեփական երկրում համակերպվել իշխանության վերարտադրության հետ, լինել դիտորդի դերում: Կարծում եմ, որ ժամանակը չէ երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Այսօր «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում կան շատ կարևոր ու հրատապ խնդիրներ, քան՝ սահմանադրական բարեփոխումներն են:
«Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Հայաստանում մենք չենք զարգացնի տնտեսությունը, չենք կանխի արտագաղթը: Չի կարելի մարդկանց խաբել ու համոզել, թե մեր երկրի բոլոր չարիքները կապված են Սահմանադրության հետ: Նախ այդ բարեփոխումների մասին պետք է հարցնենք երկիրը լքող մեր հազարավոր քաղաքացիներից, թե արդյոք այդ փոփոխությամբ նրանք կշարունակեն մնալ Հայաստանում»,- նշեց պատգամավորը` հստակեցնելով, որ թեև իշխանություններն այսօր աղաղակում են սահմանադրական բարեփոխումների մասին, բայց դա չի բխում երկրի շահերից:
«Տնտեսական ճգնաժամի հասցրած իշխանությունների շահը կարող է միայն լինել իշխանության հավերժացման մոտիվացիան»,-նշեց Բաբայանը` ընդգծելով, որ այսօր չկան երաշխիքներ, թե Սահմանադրության փոփոխմամբ, նույն անձիք չեն պաշտոնավարելու:
«Գումարելիների, այս պարագայում, անձերի ու պաշտոնների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Երկիրը շարունակելու է անկում ապրել: Սա մեծ ֆարս է, որ բեմադրված է մեծ հանդիսատեսի համար: Եվ եթե իշխանությունները փորձեն բռնի ուժով երկրում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, երկրում լարվածությունն էլ ավելի կմեծանա, իսկ եթե գնա համերաշխության ճանապարհով, ես տեսնում եմ դրա համար մեծ ռեսուրս»,- եզրափակեց նա:
Նախորդող հրապարակում՝ Իրականում, մենք ունենք սուպերնախագահական համակարգ. Աղվան Վարդանյան