16/09/2014 14:49
Վոլոդյա Ավետիսյան. Ես չեմ հավատում ՀՀ-ում արդարադատությանը
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ասաց, որ այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ ինքն է գտնվում, կալանավորներին տանջում են:
«8 հոգով նստած ենք 5 հոգանոց խցում և մեկը հացադուլ է անում, քանի որ պահանջում է, որ իրեն տեղափոխեն այլ խուց, սակայն ասում են՝ տեղ չկա »,-ասաց Վ. Ավետիսյանը, նշելով, որ չի հավատում ՀՀ-ում արդարադատությանը և դատարանին։
Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց՝ հարցաքննության կանչել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և քննիչ Խաչիկյանին, անթույլատրելի ճանաչել այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել, ինչպես նաև ԱԱԾ ահաբեկչության և սահմանադրական կարգի խախտման դեմ պայքարի վարչությունից ներկայացնել իր պաշտպանյալին հետապնդելու հիմքերը։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ընդմիջմանը դատարանը Վ. Ավետիսյանին թույլատրեց տեսակցել իր 3 անչափահաս երեխաների հետ։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց փաստաբանի միջնորդությունները այն հիմքով, որ այս միջնորդությունները բավարարելով, նոր ապացույցներ ի հայտ չեն գա:
6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ա. Մ.-ի որդի Ա. Մ.-ին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ա. Մ.-ից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Մ.-ն հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 Հոդվածի 2 Մասի 5 կետի և 178 Հոդվածի 2 Մասի 2.5 կետի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը