17/09/2014 12:31
Պապյան. Նախագահը պետք է չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները
«Հայության համար Հայոց ցեղասպանության 100-ամյակը քաղաքական հարցերը հնչեցնելու լավագույն առիթ է: Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն, կարծես թե, սահմանափակվում է ինչ-որ միջոցառումների, համաժողովների կազմակերպմամբ և մենք հեռանում ենք քաղաքական պահանջներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա դիմեց ՀՀ Նախագահին, որպեսզի նա չեղյալ համարի հայ-թուրքական արձանագրությունները. «Հայաստանը նաև պետք է հայտարարի, որ ներկայիս Հայաստանը ոչ թե Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդն է, այլ Հայաստանի Հանրապետության, ինչն էլ հիմք կհանդիսանա հայկական տարածքների դեօկուպացիայի համար»,- նշեց Ա.Պապյանը:
Ա.Պապյանը նշեց, որ Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ Թուրքիայի կողմից ոտնահարված են իր իրավունքները և Թուրքիան օկուպացրել է Հայաստանի տարածքների մի զգալի մասը:
«Թուրքիան չպետք է միայն ներողությունով սահմանափակվի, դա բավարար չէ, քանի որ տեղի է ունեցել մեծ հանցագործություն և տուժող կողմը` Հայաստանը և հայ ժողովուրդը, պետք է ստանան համապատասխան փոխհատուցում»,-նշեց Ա.Պապյանը: