17/09/2014 20:20
500 000 դոլար մրցանակից` փշրանքներ ՀՀ գիտությանը
«Բյուրականի աստղադիտարանում գիտաշխատողների նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ է, իսկ առավելագույնը` 120 հազար»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ պատասխանելով հայ գիտնականների ֆինանսկաան իրավիճակի վերաբերյալ հարցին:
«Այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվում են միայն նվիրյալները»,- շեշտեց գիտնականը:
Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թ-ին: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից:
Աստղագիտության ոլորտում խոշորագույն մրցանակներից մեկին դեռևս Հայաստանը ներկայացնող գիտնական չի ստացել:
Ա. Միքայելյանը չթաքցրեց, որ Հայաստանում գիտական աշխատանքների համար համապատասխան պայմանները զգալիորեն զիջում են շատ այլ երկրների հնարավորություններին. «Արդեն 23 տարի է` անկախության տարիներին, մեկ ամիս չի եղել, որ նորմալ աշխատավարձը ստանանք, բայց շարունակում ենք աշխատել»:
Զարմանալի չէ՞, որ Հայաստանի նման սոցիալական խնդիրներ ուենցող և իր գիտնականին 50 - 120 հազար գումար տրամադրող երկիրն ունի 500 000 դոլար մրցանակային ֆոնդ, հարցին Ա. Միքայելյանը պատասխանեց, որ այդ գումարը պետբյուջեից չէ, այլ միջոցներ կան, թե ինչպիսի` չպարզաբանեց, միայն նշեց, որ երբեմն մրցանակների որոշ գումար տրամադրվում է նաև գիտությանը, ինչպես այս դեպքում. մրցանակակիր Ֆելիքս Ահարոնյանը 50 000 դոլար տրամադրեց ԳԱԱ գիտության զարգացման ֆոնդին: Այդպես է վարվել նաև նախորդ մրցանակակիրներից Իգոր Նովիկովը:
Նշենք նաև, որ 2014 թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակակիր, Հավայան կղզիների համալսարանը ներկայացնող գիտնական Բրենթ Թալին ևս զարմացած էր, որ Հայաստանի նման փոքր ու սոցիալական խնդիրներով երկրն ունի 500 000 դոլար գումարով միջազգային մրցանակ:
Հավելենք նաև, որ հաջորդ մրցանակակիրը` հայազգի Ֆելիքս Ահարանոյանը, ով աշխատում է Իռալանդիայում և Գերմանիայում, ևս մատնանշեց հայ գիտնականների սոցիալական ոչ բարվոք պայմանները: