17/09/2014 13:59
ՀՅԴ-ի պատճառաբանությունը՝ քառյակի հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հիմնավորելով այն, թե դա պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը չի կիսում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեսակետները մյուս երեք քաղաքական ուժերի հետ:
«Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները: Դրանք ինքնպատակ չեն և մենք հստակ արտահայտել ենք, որ կողմ ենք դրանց, որպեսզի երկիրն անցնի կառավարման ավելի բարեկիրթ համակարգի: Իսկ դա առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ իրականացնել: Մենք ունենք մեր փաթեթը և նախորդ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ էինք այն քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ և խորհրդարան ներկայացնել»,- մանրամասնեց Ա. Ռուստամյանը` ընդգծելով, որ նախատեսվող հանրահավաքը բնականաբար չի կարող շրջանցել այդ հարցը, ուստի ՀՅԴ-ն որոշել է չմասնակցել այդ հանրահավաքին:
Ա. Ռուստամյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումները դա քաղաքական օրակարգի կարևագույն հարցերից մեկն է, ուստի այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, քանի որ չի պատկերացնում, թե անհամատեղելի տեսակետների շուրջ կարելի է միասնական հանրահավաք կազմակերպել:
«Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաքը: Դրանով ավելի կդժվարացնենք հանրահավաքի ընթացքը և ժողովրդին չենք կարող հստակ մեսիջ ուղարկել: Հանրահավաքը կոնկրետ նպատակ ունի, որտեղ կոնկրետ խոսք պետք է հնչի»,-ասաց նա` ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումները ոչ միայն ՀՅԴ –ի համար, այլև երկրի համար շատ կարևոր հարց է, որի շուրջ քաղաքական ուժերի տեսակետները տարբերվում են միմյանցից, հետևաբար նրա համոզմամբ` այս որոշումը շատ ճիշտ էր:
«Մենք միշտ կողմ ենք եղել հանրահավաքի անցկացմանը, սակայն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարց չկար: Մենք խոսում էինք մեր մշակած 12 կետերի ամփոփման մասին և դրանից բխող համատեղ գործունեության մասին: Դրա հետ կապված մենք մեր համագործակցությունը շարունակելու ենք: Այսինքն` քառյակը ինչ-որ հարցի շուրջ պատրաստ է խորհրդարանում իր աշխատանքները շարունակել, իսկ այս պահին մենք առանձնանում ենք մեր գործընկերնրից և սա նույնպես համատեղ որոշում է»,-ասաց նա` հավաստիացնելով, թե քառյակը նույն ձևաչափով կշարունակի աշխատել միայն խորհրդարանում:
Նախորդող հրապարակում՝ Ընդդիմության հանրահավաքը` հոկտեմբերի 10-ին. ՀՅԴ-ն չի մասնակցում