17/09/2014 10:31
Քեմերոն. Բրիտանիայի կազմաքանդումը կկոտրի իմ սիրտը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ճիշտ է համարում Շոտլանդիայի հանրաքվեի ժամանակ միայն մեկ հարցի առաջ քաշումը:
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Քեմերոնը նշել է, որ եթե Շոտլանդիան ասի «ոչ» անկախությանը, ապա ողջ Մեծ Բրիտանիան կասի «այո» Շոտլանդիային ավելի մեծ լիազորությունների տրամադրմանը:
Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե սեպտեմբերի 18-ին նախատեսված Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հարցաթերթիկում անկախությունից բացի դրված լիներ նաև ավելի լայն ինքնավարության հարցը, ապա անկախության կողմնակիցների թիվը կնվազեր:
Վարչապետը հավելել է, որ Շոտլանդիայի ապագան պետք է որոշեն շոտլանդացիները, սակայն Մեծ Բրիտանիայի կազմաքանդումը կկոտրի իր սիրտը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ, Շոտլանդիայի անկախությունը Լոնդոնի համար կարող է արժենալ 2.5 միլիարդ դոլար:
Շոտլանդիայի անկախության կողմնակիցները հայտարարում են, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում իրենք նավթագազային հատվածի շնորհիվ կկարողանան ապահովել շոտլանդացիների բարեկեցությունը: Փորձագետների կարծիքով, Շոտլանդիայի նավթի պաշարները կազմում են 23 միլիարդ բարել: Սակայն անկախության դեպքում հարցեր կառաջանան Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ծովում գտնվող հանքավայրերը բաժանելու հետ կապված: Այս պահի դրությամբ Շոտլանդիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 20.873 ֆունթ սթեռլինգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20.571:
Շոտլանդիայի անկախության պարագայում Լոնդոնը պետք է այդ երկրի տարածքից դուրս բերի իր ատոմային մարտագլխիկները, իսկ այդ գործողության վրա բրիտանական իշխանությունները կծախսեն 4.2-5.9 միլիարդ դոլար:
Մեծ Բրիտանիայի ամբողջ միջուկային զինանոցը տեղակայված է սուզանավերի վրա, որոնց տեղակայման վայրը Շոտլանդիայի Կլայդ ռազմակայանն է: Այն գտնվում է Շոտլանդիայի արևմուտքում՝Գլազգոյից 40 կմ հեռավորության վրա:
Հենց Կլայդում են տեղակայված բրիտանական 4 ատոմային սուզանավերը, որոնք կրում են Trident միջուկային մարտագլխիկներով հրթիռներ: