17/09/2014 16:36
«Անորակ համակարգի պատճառով ՀՀ-ն չի կարող մեծածավալ արտահանում կատարել»
Արևմտյան երկրների կողմից ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները երկարատև և ծանր պրոցես են լինելու ամբողջ աշխարհում: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը ծնկի կգա. «Ռուսաստանը շատ ավելի վատ վիճակներում է եղել և հետո դուրս է եկել»:
Տնտեսագետը շեշտեց, որ ՌԴ-ի հանդեպ պատժամիոջցները Արևմուտքի համար ևս կյանքի ու մահու պայքար է:
Դիտարկմանը, թե Հայաստանում ռուսական ընկերությունների վրա Արևմտյան երկրների պատժամիջոցները չեն անդրադառնա, Հ. Մեսրոբյանը նշեց, որ նման գնահատական ներկայացնողները պարզապես կառավարման մասնագետ չեն. «Ցանկացած համակարգ փոխկապակցված է և կառավարման մասնագետը գիտի, որ հերիք է համակարգում որևէ ենթահամակարգի մեջ փոփոխություն լինի, անհնար է, որ այդ գործընթացը ազդեցություն չունենա ամբողջ համակարգի վրա»:
Բանախոսն անդրադարձավ նաև ՌԴ-ի հանդեպ Արևմտյան պատժամիջոցների ֆոնին ՀՀ-ից արտահանման ծավալների ավելացմանը՝ ասելով, որ այդ գործընթացը իրատեսական է, սակայն Հայաստանի պետական կառավարման համակարգն է անորակ, և որևէ դրական տեղաշարժ դժվար է ակնկալել: