17/09/2014 13:23
Հայրիկյան. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրեն պարկեշտ չի պահում
Ես միշտ էլ եղել եմ նախագահական համակարգին կողմ, եղել եմ նախագահի պաշտոն ստեղծելու համար կռիվ տվող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Սահմանադրական բարեփախումների մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը.
«Միաժամանակ կարծում եմ, որ թե′ նախագահական, թե′ խորհրդարանական ընտրությունները մեզ մոտ ավելի հաճախ պիտի անցկացվեն: Այդպիսով ժողովուրդը կկարողանա ավելի շատ մասնակցել կառավարման գործընթացին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, ապա այն, Պ. Հայրիկյանի կարծիքով, իրեն պարկեշտ չի պահում.
«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, իրեն անպարկեշտ է պահում: Գագիկ Հարությունյանի հետ ես լավ հարաբերություններ ունեմ, բայց հայտարարում եմ, որ 1990-ականներին ես եմ իրականացրել սահմանադրական բարեփոխումներ: Այդ ժամանակ ես պաշտոնապես գլխավորել եմ այդ հանձնաժողովը, ՍԴ-ից էլ երկու հոգի իմ ենթականերից են եղել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով գալիք Անկախության օրվան՝ ԱԻՄ առաջնորդը կարծիք հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները չպետք է տոնեն այն.
«Հիմա մենք նորից առանց որևէ հանրաքվեի դեպի Ռուսաստան ենք գնում: Ինչպե՞ս կարող են սեպտեմբերի 21 նշել»,- ասաց Պարույր Հայրիկյանը: