17/09/2014 14:41
Լավրով. Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Ուկրաինայում լայն ազգային երկխոսության կարևորությունը շեշտվել է դեռևս ապրիլին Ժնևյում կայացած հանդիպման ընթացքում:
Դոնբասում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին խոսել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝Մինսկում:
Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները Լավրովը համարում է կարևոր հենակետ՝ ներուկրաինական քաղաքական երկխոսություն սկսելու համար:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Ուկրաինայի արևելքում պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը անցնում է 3100-ը, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 8.000 է:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 3171 զոհերի թվում առնվազն 27-ը՝ երեխաներ են, իսկ 8061 վիրավորների թվում երեխաների թիվը հասնում է 56-ի:
Ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 263.000-ի, ևս 367.000 ուկրաինացի փախել է հարևան երկիր, որոնցից 325.900-ը՝ Ռուսաստան:
Նշվում է, որ փախստականների իրական թիվը կարող է գերազանցել 1 միլիոնը: