17/09/2014 16:49
Առանց ՀՅԴ-ի եռյակը դժվարություններ չի ունենա. Նաիրա Զոհրաբյան
ՀՅԴ-ն չի մասնակցելու նաև մարզայի հանդիպումներին: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո հայտատարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը՝ հավելելով, որ մարզային հանդիպումների մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթ:
Հարցին՝ արդյոք սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն փորձում է դուրս գալ խաղից, ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց.
«Կարծում եմ՝ ոչ, որովհետև հասկանալի է, որ հանրահավաքին մասնակցելով՝ դժվար կլիներ շրջանցել սահմանադրական բարեփոխումների թեման: Դա իրենց որոշումն է և մենք հարգում ենք այն»,- հավելեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ հանրահավաքի հետ կապված մանրամասները, ինչպես նաև դրանում կուսակցությունների առաջնորդների մասնակցության վերաբերյալ այլ մանրամասները կքննարկվեն արդեն եռյակի նիստում:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի չմասնակցելով ինչ-ինչ դժվարություններ առաջանան՝ Ն. Զոհրաբյանը վստահեցրեց, որ ոչ: «Չեմ կարծում, թե երեք քաղաքական ուժերը, որոնք պետք է մասնակցեն հանրահավաքին, որևէ դժվարություններ ունենան առանց ՀՅԴ-ի»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ քառյակը իր գործունեության սկզբնական փուլում հայտարարել էր, որ համագործակցում է կոնկրետ հարցերի շուրջ, իսկ այս կամ այն որոշում ընդունելու պարագայում պատրաստ է հարգել այդ կուսակցության կայացրած որոշումները:
Ինչ վերաբերում է արդեն եռյակի գործողություններին, ապա Զոհրաբյանն ընդգծում է, որ հետագա անելիքների հետ կապված ևս կլինեն քննարկումներ: «Համագործակցության փաստաթղթում հստակ ամրագրված է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվող հանրահավաքում քառյակը պետք է ամփոփեր 12 կետերը և վերջնական իր դիրքորոշումը հայտներ: Այդ կետերը մենք կամփոփենք նաև ՀՅԴ-ի անունից: Քառյակի աղճատման մասին խոսելն ավելորդ է, քանի որ մենք ունենք պայմանավորվածություններ: Այսօր էլ քառյակը իր համագործակցությունը շարունակում է»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ է պատրաստվում նաև ներկայացնել «Ժառանգությունը»: Հնարավո՞ր է, որ հանրահավաքից հրաժարվի նաև այդ կուսակցությունը, Ն. Զոհրաբյանը բացառեց նման բան: «Դա բացառում եմ, քանի որ տեսականորեն դա հնարավոր չէ: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ժառանգությունը» մասնակցելու է հանրահավաքին»,-ասաց նա: