17/09/2014 14:55
Պատգամավորի որդին կասկածվում է առևանգման մե՞ջ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռոման Գ.-ին, որը հուլիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոման Գ.-ն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին է՝ Ռոմա Գասպարյանը:
Aysor.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանած անձն ասաց, որ այդ համարը վաճառվել է իրեն, իսկ պատգամավորի օգնական Նազիկը նախ ասաց, որ այժմ չի կարող պատգամավորի հետ կոնտակտային հեռախոսահամար տալ և չլսելով հարցի շարունակությունը՝ անջատեց: Դրանից հետո վերջինս անջատում կամ չէր պատասխանում հեռախոսազանգերին: