17/09/2014 19:46
Ոստիկանության աշխատակիցներն այսուհետ կկրեն նոր համազգեստ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես է անցկացրել մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում:
Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորել է որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:
Այնուհետև ոստիկանության պետը ստուգել է ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արել հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջել վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկել թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները:
Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դրական արդյունքի համար և կրկին հիշեցրել, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:
Ստուգատեսի ավարտին տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: