17/09/2014 17:24
Երևանում բացվեց «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման գլխավոր սրահը
Նախօրեին Երևանում՝ Նալբանդյան 28, թիվ 1 (Հանրապետության Հրապարակ) հասցեում տեղի է ունեցել «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման գլխավոր սրահի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Բացված նոր սրահն իր ձևավորմամբ ու հարդարմամբ լիովին համապատասխանում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի միջազգային չափորոշիչներին: Այն նախատեսված է նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար:
Արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում էր «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ, «ԶիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը: Հրավիրված էին պաշտոնատար անձինք, հյուրեր միջազգային և տեղական մի շարք կառույցներից ու ընկերություններից:
Բացման արարողության ժամանակ «ԶիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նա մասնավորապես նշել է, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում 2012թ.-ից սկսած լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում, և արդեն իսկ ծառայություններ է մատուցում ավելի քան 18 քաղաքներում ու Երևան քաղաքի ինը վարչական շրջաններում: Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Ռոստելեկոմի» կողմից ամբողջական ծածկույթն արդեն իսկ ապահովված է, իսկ վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի կհեշտացնի Կենտրոնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը:
Վերջերս Երևան քաղաքում ընկերությունը կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որն ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անխափան ու գերարագ ինտերնետ Երևանում:
Այսպիսով՝ «Ռոստելեկոմն» արդեն իսկ Երևանի կենտրոնում է և հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին տեղեկանալու ընկերության նորություններին տեխնոլոգիական նորագույն լուծումներով հագեցած ու հարմարավետ սրահում: