17/09/2014 14:07
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակակիրները արտերկրից են
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիկտոր Համբարձումյանի 2014թ-ի միջազգային մրցանակներ հանձեց Իռլանիդայում և Գերմանիայում գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող հայազգի Ֆելքիս Ահարոնյանին, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Կարաչենցևին և ԱՄՆ գիտնական Բրենթ Թալիին:
«Հայաստանում հայ գիտնականների համար հիմա ավելի լավ հնարավորություններ կան, քան՝ թե առաջ էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը՝ հավելելով, որ հիմա կոմունիկացիաներն ավելի հեշտ են, քան սովետական տարիներին, երբ հոդվածների թույլտվությունների համար կես տարի էր պահանջվում, թուղթ չկար, այսօր կա. կա ինտերնետի հնարավորություն և ցանկացած հոդված կարելի է փնտրել գտնել: Նա կարևորեց աստղաֆիզիկայի բնագավառում արդյունավետ աշխատանքը. «Որպեսզի լինի իրական համագործակցություն, ոչ թե օգնություն. Դա լուրջ խնդիր է. երիտասարդները քիչ են»:
Ռուս գիտնական, ՌԴ Հատուկ աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Իգոր Կարաչենցևը հայտնեց, որ ինքը եղել է Վիկտոր Համբարձումյանի աշակերտը և Հայաստանում է պաշտպանել իր ասպիրանտական թեզը: Բյուրականի աստղադիտարանում է աշխատել 6 տարի. «Կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի համար, ով մուտք է գործում գիտության ոլորտ, ամենաէականն այն է, որ ինտեգրվի մեծ գիտական դպրոցին»
ԱՄՆ գիտնական Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտի ներկայացուցիչ Բրենթ Թալինը իր հերթին նշեց, որ մեծ պատիվ է իր համար արժանանալ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին, որը նաև համատեղ աշխատանքի արդյունք է:
Նա նաև կարևորեց գիտնականների միջև համագործակցությունը. «Մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ»:
Նշենք, որ միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան Հայաստան, Գենադի Բիսնովատի-Կոգան ՌԴ, Երվանդ Թեորզյան ԱՄՆ, Նորիո Կայֆու Ճապոնիա, Միշել Մայոր Շվեյցարիա, Վահե Պետրոսյան ԱՄՆ, Մարտին Ռիս Մեծ Բրիտանիա, Քաթրին Ցեսարսկի Ֆրանսիա, Ռոբերտ Ուլիյամս ԱՄՆ:
Վիկտոր Համբարձումյանի անվան միաջզգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ-ին, սահմանված է աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում նշանակալի ներդրում ուենցող գիտնականների համար. հայտերը քննարկվում են հանձնաժողովում:
Ֆ. Ահարոնյանին հատկացվեց 250 000 դոլար, Կարաչենցևին և Թալիին 125 000-ական դոլար: Գիտնակնները մրցանակային գումարների մի մասը տրամադրելու են գիտության զարգացմանը և երիտասարդ կադրերի աջակցությանն ու փոխայցելություններին, հատկապես երիտասարդների: