17/09/2014 18:38
ԱՄՆ-ը նոր կետային հարվածներ է հասցրել «Իսլամական պետությանը»
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նոր կետային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» հենակետերին Բաղդաղի մերձակայքում՝ամերիկյան կառույցների և անձնակազմի անվտանգությունը ապահովելու համար:
Newsru.com-ի փոխանցմամբ, 2 օրվա ընթացքում ԱՄՆ-ը 5 օդային հարվածներ է հասցրել Բաղդադից հարավ-արևմուտք և Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մերձակայքին:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան ռազմաօդային ուժերը 167 հարված է հասցրել «Իսլամական պետության» հենակետերին:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխել է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
Այդ կազմակերպությունը լավ զինված է և նրա մարտիկները վերահսկում են Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Նրանք նավթ են արդյունահանում այն շրջաններում, որոնք վերահսկում են և գումարներ են գանձում 8 միլիոն բնակչությունից:
Ջիհադականները գումարներ են գանձում հասարակական տրանսպորտից օգտվելու համար, ինչպես նաև քրիստոնյաներից և ազգային ու կրոնական փոքրամասնություններից՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար: Սիրիայում խմբավորումը վերահսկում է 8 գազային և նավթային հանքեր՝ Ռաքքա և Դեյր-էզ-Զորի շրջաններում: Իսլամիստները սիրիական և իրաքյան նավթը վաճառում են մեկ բարելը 26-35 դոլարով՝թուրք, լիբանանցի, սիրիացի գործարարներին: