17/09/2014 11:20
ԲՀԿ-ն երբեք չի՞ եղել իշխանություն. Իշխանությունն ու կոալիցիան տարբեր են
«Մենք ամեն անգամ ասում ենք, որ ԲՀԿ-ն երբեք դեմ չի եղել սահմանադրական բարեփոխումներին: Խոսքը այստեղ գնում է ժամանակի մասին է»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ընդգծելով, թե երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականցնելը հապշտապ որոշում է, որը չի բխում երկրի շահերից: «Սահմանադրական բարեփոխումները լուրջ քննարկման են ենթակա: Այդ բարեփոխումները հապճեպ որոշում է, այն էլ՝ ոչ պատեհ պահի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ համոզիչ չեն նաև իշխանությունների մոտեցումներն ու հիմնավորումները, որոնցով որ իշխանությունները փորձում են այդ բարեփոխումներն իրականացնել: «Դրանք անընդունելի են, որովհետև, եթե խոսքը գնում է ռեալ փոփոխությունների մասին, ապա այսօր ավելի մեծ հնարավորություններ կան երկրում փոփոխություններ իրականացնելու համար, քան այդ բարեփոխումներն են»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է նոր մոտեցումներին, թե դրանք մարդկանց մոտ կմեծացնեն վստահությունը, ապա Վ. Բաբայանը համոզված է՝ քանի դեռ քննարկումներ տեղի չեն ունեցել, վստահության մասին խոսելն ուղղակի ավելորդ է: «Լայն քննարկումներ ասվածը գոյություն չունի և ընդամենը պետք է դուրս գալ փողոց, և գոռալ այդ մասին: Որևէ մեկին այսօր չի հետաքրքրում և չի էլ հետաքրքրելու սահմանադրական բարեփոխումները, և այնքան ժամանակ՝ մինչև երկրում ընդհանուր առմամբ չփոխվի կյանքը: Այս բարեփոխումները քաղաքական կամքի հերթական դրսևորումներից մեկն է»,- համոզված է պատգամավորը:
Ըստ նրա՝ այդ ամենը, հիմնականում, կապված է քաղաքական կուրսի հետ:
«Պատեհ ժամանակը կլինի այն ժամանակ, երբ այս Սահմանադրությամբ հնարավոր չի լինի անել այն քաղաքական, տնտեսական բարեփոխումները, որոնց հնարավորությունն այսօր էլ ունենք: Հենց դրանցով կարող ենք փոխել մեր երկրում կյանքն ու երկրի ապագան: Իսկ եթե ունենք այդ հնարավորությունը, սակայն չկա նման անհարաժեշտություն՝ այդքան գումար, ռեսուրս և ժամանակ ծախսելու իմաստ չկա: Այս հապճեպությունը արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս»,- հավելեց Բաբայանը:
Անդրադառնբալով իշխանությունների արձագանքին, թե ընդդիմությունը չի հիմնավորում իր մերժումը, Վահան Բաբայնը հակառակ կարծիք հայտնեց, ասելով, թե իշխանությունները երբեք էլ չեն ընդունի ընդդիմության հիմնավորումները: «Դրանք իշխանությունների շահերից չեն բխում: Այդ հիմնավորումներն իշխանություններին ձեռք չեն տալիս»,- ասաց նա:
Մեր հակադրաձմանը, թե ժամանակին նույն իշխանությունների հետ սերտ համագործակցում էր նաև ԲՀԿ-ն՝ Վ. Բաբայանը արձագանքեց. «ԲՀԿ-ն երբեք չի եղել իշխանություն: Եկեք տարանջատենք: Մենք եղել ենք կոալիցիայի անդամ: Իսկ դրանք շատ տարբեր բաներ են: Սկսած 2000 թվականից՝ կան հարցեր, որ իշխանությունների հետ մենք համակարծիք չենք եղել: Մենք եղել ենք կոալիցիոն երկրորդ ուժը Խորհրդարանում»,- ասաց նա՝ ընդգծելով, թե այսօր շարժվում ենք առաջ, և ոչ թե ուզում ենք հետ նայել: «Այսօր նայում ենք, թե ինչ է պետք փոխել մեր երկրում, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանի քաղաքացին: Իսկ Հայաստանցու ամենավերջին խնդիրներից մեկն է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը՝ առավելևս Կառավարման համակարգը փոփոխելը»,- ասաց նա: