18/09/2014 15:28
ՀՀ-ում ընդդիմության ծրագիրը ժամկետնանց է, տեղը՝ թափուր. Ազատ Արշակյան
Ընդդիմությունն ունի հին ծրագիր, որն այլևս չի աշխատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Քաղաքական դաշտում իշխանության դիրքորոշումը պարզից էլ պարզ է: Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա այն ունի ասպարեզ, բայց չի օգտագործում: Այսօր Հայաստանի համար կարևոր խնդիրները երկրորդական են դառնում: Փաստորեն, ընդդիմության տեղը թափուր է մնում: Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը Հայաստանի անվտանգությունն է, որից հետո գալիս են մյուս խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը խայտաբղետ են, իսկ նրանց ծրագրերը՝ ժամկետնանց:
Արշակյանի կարծիքով՝ Հայաստանին պետք է նոր դեմք, ով կգա և իր հետ կբերի նոր առաջարկներ ու նոր ծրագրեր: Նրա խոսքով՝ Հայաստանին պետք է ոչ թե աղճատված և թույլ ընդդիմություն, այլ՝ կառուցողական, որը կկարողանա իսկապես աշխատել:
«Ընդդիմության տեղը պետք է լիներ մեկ այլ կոնցեպցիա, որպեսզի մեր արժեքային համակարգը գործեր: Ընդդիմություն նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է լինի պոզիտիվ, իսկ մեր ընդդիմության բոլոր ծրագրերը նեգատիվ են, և ոչ՝ լավատեսական: Քառյակի ծրագիրը հենց այդպիսին էր: Մեզ հիմա պետք է գործընկերային ուժ կամ այլընտրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն կառուցողական ուժ չէ, սակայն նա ունի գործընկերային փորձ:
«ԲՀԿ-ն համագործակցում է ԱԺ բոլոր ուժերի և Նախագահի հետ»,- հավելեց նա:
Նախորդող հրապարակում՝ Դաշնակցությունը պայմանավորվածություն ունի՞ Կառավարության հետ. Իգիթյան