18/09/2014 12:55
Ավտոներկրողները դժգոհ են օրենքից, որը խանգարում է նորմալ դաշտում աշխատել
Ավտոներկրողները դժգոհ են «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետից, համաձայն որի՝ 2-րդ մեքենան ներկրելու դեպքում անձը պարտավոր է հարկ վճարել պետությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ ավտոներկրողների միավորում» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Մեզ դիմել է 72-ամյա թոշակառու Կամո Մարությանը, ով 2009 թ. 2 մեքենա է ներկրել և վաճառել, իսկ 2011 թ. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով, իսկ իր գույքը կալանքի տակ է դրվել»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սա խոչընդոտում է «նորմալ դաշտում» գումար աշխատելու հնարավորությանը և իրենք այս հարցով դիմել են Կառավարությանը:
«Մենք բոլորս 2-րդ մեքենան ներկրում ենք մեկ ուրիշ քաղաքացու անունով, որովհետև 5000 դոլարանոց ավտոմեքենան վաճառելով կունենանք 10 % շահույթ, բայց ըստ օրենքի՝ պետք է 16 % հարկ վճարենք: Մենք երազում ենք, որ այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք կարողանանք դառնալ հարկատու, ոչ թե գողի նման ավտոմեքենաներ ներկրենք»,-ասաց նա: