18/09/2014 17:14
Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող բանտարկյալը հացադուլ է հայտարարում. Բաց նամակ
Նուբարաշենի ՔԿՀ-ում գտնվող բանտարկյալ Հովհաննես Եսայանը պատրաստվում է հացադուլ հայտարարել: Նա բաց նամակ է տարածել, որտեղ հայտնել է այդ մասին:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն երկու ամիս է, ինչ գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ ինձ ապօրինաբար պահում են իմ կողմից չիրագործված, սակայն ինձ վերագրված հանցանքի մեղադրանքով: Հակիրճ ներկայացնում եմ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրականում՝ այս ընթացքում: Ոստիկանությունն առանց պաշտոնական ծանուցագրի, հեռախոսազանգի միջոցով, ինձ հրավիրել է բաժին՝ իբրև նոր մանրամասներ հայտնելու ինձ ծեծի ենթարկելու վերաբերյալ,սակայն հենց տեղում առաջադրվել է մեղադրանք, և ինձ ձերբակալել են անմիջապես:
Վերամբարձ որակումներ չտալով՝ ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի քանի փաստերի վրա, որոնք էլ պարզորոշ ցույց կտան ՀՀ ոստիկանության կողմից պատվիրված ձերբակալությունների իրագործումը, նրանց գործելաոճն ու մեթոդները:
Ինձ ձերբակալեցին միմիայն այն բանի համար, որ «ararum.am» երիտասարդական նախաձեռնության լրատվական-վեբ կայքով ոստիկանությանը քննադատող նյութեր էի հրապարակում: Սկզբում ուղարկվեց «զգուշացում»` ծեծի տեսքով, որն էլ անտեսեցի և հուլիսի տասնվեցին հրապարակեցի մի նոր հոդված՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի գործունեությունը քննադատող նյութ, ինչից հետո՝ երկու օր անց, ինձ ձերբակալեցին: Նշեմ նաև, որ նրանց հաջողվեց այդ երկու օրվա ընթացքում գտել ոմն «տուժողի», ով մեկ տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ «դեպքի» կապակցությամբ բողոք գրեց իմ դեմ:
Հուլիսի տասնութին, առանց հիմնավոր փաստերի և կասկածների, ոստիկանությունը մի քանի ժամում լիկվիդացրեց ինձ:
Երկու ամիս սպասելով ու ակնկալելով քննչական մարմնի արդարացի և օրինական որոշմանը՝ վստահ լինելով իմ անմեղության փաստով՝ համոզված էի, որ սեպտեմբերի տասներկուսին տեղի ունեցած խափանման միջոցի դատական նիստին ինձ ազատ կարձակեն: Սակայն դատարանում ականատես եղա հերթական պատվիրված կրկեսին, և ՀՀ Կենտրոն-Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մակյանը երկու ամսով երկարաձգեց իմ կալանքի ժամկետը:
Այժմ, ապավինելով բախտին և ՀՀ ոստիկանության քմահաճույքին, ակնկալում եմ հանրության և պատկան մարմինների ուշադրությունն ու աջակցությունը և այս բաց նամակով հայտարարում եմ հացադուլ՝ պահանջելով իմ գործի օբյեկտիվ քննություն և հանդիպում ՀՀ ոստիկանապետի կամ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի հետ»:
Նուբարաշեն ՔԿՀ,
ձերբակալված՝ Հովհաննես Եսայան