18/09/2014 15:08
Դաշնակցությունը պայմանավորվածություն ունի՞ Կառավարության հետ. Իգիթյան
«Հայաստանի կարևորագույն խնդիրները ընդդիմության կողմից ներկայացրած 12 կետերը չեն, որի մասին այդքան խոսում են: Երկրում ունենք ավելի լուրջ ու գլոբալ խնդիրներ: Անգամ ԼՂՀ սահմանի հարցը ածանցյալ հարց է: Հիշենք, թե ինչու Նազարբաևը այդ հարցը բարձրացրեց և ինչու է այն ԱԺ-ում քննարկվում: Ընդդիմությունը պետք է պարզեցնի՝ կողմ, թե՞ դեմ է Եվրասիական միությանը: Բոլորը խոսում են միայն, որ հոկտեմբների 10-ին պետք է Մաքսային միության անդամակցության թուղթը ստորագրվի, բայց թե ինչ պետք է ստորագրվի, այդ մասին ոչ ոք, ոչինչ չի ասում»,- հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ պետք է ընդդիմությունը պարզեցնի իր ասելիքը:
Անդրադառնալով ՀՅԴ դիրքորոշմանը՝ Հ. Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ դա այսպես էլ լինելու էր: «Դաշնակցության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի անգամ ասել են այս մասին, և ես նրանց տրամաբանությունն արդեն հասկանում եմ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ թեև Դաշնակցության ներկայացուցիչներն այս մասին չեն բարձրաձայնում, բայց կուսակցության անդամները ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեն Կառավարության հետ:
«Դաշնակցության Սփյուռքի ներկայացուցիչներն ասում են, որ կուսակցությունը շատ ակտիվ պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների իրականացմանը: Այստեղ կուսակցությունը շատ է կարևորում հատկապես իշխանությունների հետ համագործակցությունը: Եթե Դաշնակցությունը պետք է լինի հարթակի այն մասում, որտեղ պետք է հնչեն «Լևոն-Լևոն», «նախագահ հեռացիր» և այլն, և այլն…. ապա Դաշնակցությունը նպատակահարմար չի գտել մասնակցել այդ հանրահավաքին: Դաշնակցության դրսի լիդերներն ինձ ասել են, որ պետք է Կառավարության հետ մեկ տարի աշխատեն, որպեսզի իրենց ծրագրերը դրսում իրականացնեն»,- նշեց Իգիթյանը՝ հավելելով, թե անկախ ամեն ինչից, թե որքանով է արդարացվում Դաշնակցության այդ քայլը, գոնե իր համար հիմա պարզ է, թե ինչու Դաշնակցությունը այդպես վարվեց:
«Հիշենք, որ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այսօր ընդդիմադիր ուժերի կոորդինացնողը ԲՀԿ-ն է, ով վերահսկում է նաև այդ դաշտը, իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն եթե նույնիսկ ընդդիմադիր ուժ միայն այդ կուսակցությունը մնա, երկրում որևէ բան չի փոխվելու»,- ասաց նա՝ նատելով, որ այդ ուժը կարող է բանակցել իշխանությունների հետ հենց խորհրդարանից:
«ԲՀԿ-ն ունի այդպիսի փորձ»,- ավելացրեց նա:
Նախորդող հրապարակում՝ Իգիթյան. Հարց է, թե այդ հանրահավաքին հասարակությունը կմասնակցի՞, թե՞ ոչ