18/09/2014 14:00
Իգիթյան. Հարց է, թե այդ հանրահավաքին հասարակությունը կմասնակցի՞, թե՞ ոչ
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքից լուրջ սպասումներ և ակնկնալիք չունի: «Ես այդ հանրահավաքին լուրջ կարևորություն չեմ տալիս»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց նա:
Իգիթյանը նշեց նաև, որ հարց է, թե այդ հանրահավաքին հասարակությունը կմասնակցի, թե ոչ: Նրա համոզմամբ՝ հասարակությունը այլևս անտարբերություն է ցուցաբերում քաղաքական գործընթացների նկատմամբ, և իր կարծիքով, ընդդիմությունը՝ ի դեմ խորհրդարանական 3 ուժերի, ոչնչի չի կարող հասնել:
«Ինձ հետաքրքրում է, թե հանրահավաքի մյուս կողմում ովքեր են կանգնելու»,- նշեց նա, հավելելով, որ այսօր քաղաքական գործունեությունը և քաղաքական պահանջներն ուղղված են հասարակությանը, իսկ մեր ընդդիմադիր բոլոր ուժերը փոխանակ իրենք աշխատեն, խնդիրներ վեր հանեն, իրենք են գնում, կանգնում քաղաքացիական հասարակության կողքին: «Հունիսից մեր հասարակությունը սպասում է, թե երբ է գալու 12 կետերի իրագործման պահը: Երևի մեր քաղաքական ուժերը մտածում են այդ կերպ հասարակությանը պահել իրենց ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:
Իգիթյանի խոսքով՝ հենց սկզբից էլ պարզ էր, որ Կառավարությունը կանի այն, ինչ մտածել էր: «Որոշ կետեր փորձեց իրականացնել, բայց ոչ թե նրա համար, որ պահանջում են, այլ այդպիսի ցանկություն ուներ: Պարզ էր, որ որոշ հարցեր էլ պարզապես չեն լուծվելու: Հիմա ի՞նչ, քառյակի պատասխանը ընկալենք պատիժ կառավարությա՞նը»,- այսպիսի հարց հնչեցրեց բանախոսը՝ հավելելով, որ, փաստորեն, ընդդիմության մեծ ծրագիրը իրականում տապալվեց:
«Ընդդիմության այսպիսի քայլը կարելի է որակել միայն հասարակության առջև արդարացում: Դա մի տեսակ պարտադրված էր: Փաստորեն մեր խորհրդարանական ուժերը, ունենալով լավ և բարեկամական կապեր Կառավարության հետ, չկարողացան համոզել Կառավարությանը: Հաճախ մեր քաղաքական որոշ ուժերը, չկարողանալով հասարակությանը ներկայացնել իշխանությունների դեմլուրջ փաստարկներ, իրենք են ընկնում հասարակական շարժումների հետևից»,- ասաց նա՝ օրինակ բերելով տրանսպորտի սականգնի բարձրացման ցույցերը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը և այլն: