18/09/2014 16:50
«Գուցե վարչապետն առանձին է Նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերել»
Այսօր Կառավարության հերթական նիստի օրն էր: Ինչպես միշտ,Կառավարության ներսում նիստ էր, իսկ դրսում՝ բողոքի ակցիա:
Կառավարության շենքի հնաբնակներից են խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն, ովքեր արդեն 7 տարի է, ինչ պայքարում են հանուն արդարության: Իրար հաջորդում են պաշտոնափոխությունները, բայց նրանց խնդրի հետ կապված՝ դեռ որևէ փոփոխություն չի եղել:
Aysor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջերս նրանց ընդունել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խոստեցել էր ոչ միայն մայրերի խնդրով զբաղվել, այլև միջնորդել, որպեսզի զինվորների մայրերը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեն:
Եվ ահա, երբ հերթական նիստն ավարատվեց, մայրերը, բնականաբար, սպասում էին Կառավարության հերթական ներկայացուցչին:
«Հուլիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեզ ընդունեց և խոստացավ, որ կմիջնորդի, որպեսզի մենք հանդիպենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց մինչ օրս որևէ պատասխան չկար»,- Aysor,am-ի թղթակցի հետը զրույցում նշեց մայրերից մեկը՝ հավելելով, որ նիստի ավարտից հետո իրենց մոտեցավ Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը և հավաստիացեց, որ իրենց գործն ընթացքի մեջ է:
«Դումանյանն ասաց, որ տեղյակ են նախագահականում»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ այսօր՝ վաղ առավոտյան, սակայն, իրենք գնացել են նախագահական նստավայր, և իրենց թույլ չեն տվել Նախագահի հետ հանդիպել:
«Նախագահի աշխատակազմից ներկայացած տիկին Աիդան ասաց, որ ինքը տեղյակ չէ մեր մասին: Մենք նորից հետ եկանք Կառավարություն, և քիչ առաջ մեզ ասացին, որ պետք է սպասենք: Ասացին, որ միգուցե վարչապետը առանձին է Նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որի մասին, անշուշտ, տիկին Աիդան տեղյակ չէ: Եթե մենք 7 տարի սպասել ենք հանուն արդարության, մի քանի ամիսը կամ շաբաթը ինչ է, որ չսպասենք: Ոչինչ: Մենք ուզում ենք տեսնել գերագույն գլխավոր հրամանատարին: Ժամկետների մասին դեռ ոչինչ չեն ասում, բայց մենք կսպասենք»,-ասաց զինվորի մայրը՝ նշելով, որ արդեն շուրջ 3 ամիս է անցել, բայց հանդիպման ընթացքի կամ դրա ժամկետների մասին իրենց տեղյակ չեն պահել:
Տիկինի խոսքով՝ 7 տարի գործին ընթացք չի տրվել, սակայն մայրերը հույսները չեն կտրում: «Գնալով ավելանում են նոր սպանություններն ու զոհերը: Մենք պայքարում ենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Պետք է հներին պատասխանատվության ենթարկեն, որպեսզի մյուսները դաս քաղեն»,- հավելեց մեկ ուրիշը: